«Ռուսաստանը ակտիվորեն մասնակցում է հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով սահմանապահների տեղակայման վերաբերյալ քննարկումներին», ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկին՝ դեսպանն ասել է․ «Հայ-ադրբեջանական սահմանի խնդրահարույց հատվածներում ռուս սահմանապահների դիրքերը տեղակայված են ի լրումն այն ծառայության կետերի, որոնք ավանդաբար հատկացված էր ռուս սահմանապահներին: Խոսքը Իրանի և Թուրքիայի հետ սահմանի մասին է»:
Հիշեցնենք, որ կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ պետք է դիտարկել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների տեղակայման հնարավորությունը:
Եթե լրջորեն քննարկվում է «հայ-ադրբեջանական սահմանի» ողջ երկայնքով Ռուսաստանի կամ ՀԱՊԿ սահմանապահների տեղակայման հարցը, դա նշանակո՞ւմ է, որ Հայաստանը վերջնականապես ճանաչում է 44-օրյա պատերազմի արդյունքները և «հայ-ադրբեջանական սահմանը»: Ավելի ճիշտ չէ՞ այն կոչել շփման գիծ և այնտեղ տեղակայել ոչ թե ռուս սահմանապահներին, այլ միջազգային ուժեր:
Եվ երկրորդ կարեւոր հարցը․ եթե ռուս սահմանապահները կանգնեն Իրանի, Թուրքիայի, իսկ այժմ այսպես կոչված «Ադրբեջանի հետ սահմանին», ապա Հայաստանին կմնա միայն սահմանը Վրաստանի հետ։ Արդյոք Ռուսաստանը առաջարկել է իր վերահսկողության տակ վերցնել նաև հայ-վրացական սահմանը: Տեղին է հիշել, որ Թբիլիսին բազմիցս մտահոգություն է հայտնել, որ ռուսական զորքերը կարող են հայտնվել անմիջապես իրենց «թիկունքում»:
Դեսպան Կոպիրկինի սեթեւեթանքը, թե Ռուսաստանը դեռ քննարկում է Փաշինյանի առաջարկը, հուշում է այն մասին, որ Մոսկվան բացի նրանից, որ ինքն է սահմանը որոշելու «խորհրդային» քարտեզների հիման վրա, որոշակի այլ պայմաններ է առաջ քաշել։ Արդյոք դրանք վերաբերում են հայ-վրացական սահմանին, ինչը Հայաստանի լիարժեք մեկուսացումն է նշանակում: Ի դեպ, վերջին օրերին տեղեկություններ են հայտնվում, որ Տավուշում ռուսները հենակետ են տեղադրում:
Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/08/05/659679/