Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ «եթե խոր հայացք նետենք Հայաստանի պատմությանը, ապա պարզ կդառնա, որ Հայաստանի և Ռուսաստանի ընկերությունը երբեք պարտադրված չի եղել»: Այս մասին նա հայտնել է ավստրիական Der Standard պարբերականին: Փոխանցում է Armenya Today-ը:
«Չեմ ցանկանում խոսել այլ պետությունների փոխարեն, սակայն ամեն դեպքում Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում միշտ եղել է պարզ, ազնիվ և հետևողական»,- նշել է նա:
«Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքը երբեք չի խանգարել Հայաստանին կառուցել նորմալ, կառուցողական համագործակցություն տարածաշրջանի ներսում և դրսում գտնվող երկրների և միջազգային կազմակերպությունների հետ: Այս մասին է խոսում Եվրամիության և ՆԱՏՈ-ի հետ իրականացված ծրագրերի ծավալը, եվրոպական պետությունների, ԱՄՆ-ի և Իրանի հետ դինամիկ կերպով զարգացող հարաբերությունները»:
Նրա խոսքերով փոքր կովկասյան պետությունները պետք է ամեն ինչ անեն տարածաշրջանում մեծ տերությունների հետ ծագող տարաձայնությունները հարթելու համար:
«Վերջին տարիների ընթացքում մեր քաղաքականության կարևոր կողմերից մեկը եղել է այն, որ մեր չափազանց զգայուն տարածաշրջանում փոքր պետությունները պետք է ամեն ինչ անեն գերտերությունների հետ հնարավոր տարաձայնությունները նվազեցնելու, այլ ոչ հրահրելու համար»,- նշել է Սարգսյանը:
Նրա խոսքերով «շատ հեշտ է կարճատև շահ ունենալ յուրաքանչյուր տարածաշրջանում մեծ տերությունների միջև ժամանակ առ ժամանակ առաջացող տարաձայնություններից:
«Սակայն ավելի դժվար է և անհամեմատելի ավելի արդյունավետ է փորձել անկողմնակալ համագործակցել ընդհանուր շահերի ոլորտում»:
«Հաշվի առնելով բոլոր այն մարտահրավերները, որոնց մենք պետք է դիմակայենք` անիմաստ է ստեղծել նոր բաժանող գծեր և արհեստական գաղափարական ճամբարներ»,- հայտարարել է նա:
Բացի դա Հայաստանի նախագահը գտնում է, որ Հարավային Կովկասում ազգերի ինքնորոշման ձգտմանը ռազմական հակազդելու փորձերը հղի են լուրջ ռազմական և գեոքաղաքական հետևանքներով:
«Վերջին դեպքերը պարզ ցույց տվեցին Հարավային Կովկասում սպառազինության մրցավազքի, անհիմն ռազմական բյուջեի ավելացման և ռազմաշունչ հայտարարությունների իրական վտանգը: Նրանք միաժամանակ ապացուցեցին, որ նման հակամարտությունների հիմքում պետք է լինի ինքնորոշման համար պայքարող ժողովրդի կամքի ազատ արտահայտումը և որոշումները պետք է հիմնվեն այդ կամքի վրա, քանի որ այլ հակառակ մոտեցումը անխուսափելիորեն կբերի էթնիկ զտումների և միջազգային հումանիտար իրավունքի խախտման»,- հայտարարել է Հայաստանի նախագահը: