Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանն ամփոփել է Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարում բրոնզե մեդալ նվաճած Հովհաննես Բաչկովի (63 կգ) ելույթը:
«Հայ բռնցքամարտիկներն ավարտեցին մրցելույթներն Օլիմպիական խաղերում։ Ավելի քան 12 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը կրկին մեդալ ունի Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարում։ Հովհաննես Բաչկովը նվաճեց բրոնզե մեդալ, թեպետ կարող էր ավելին անել։ Իրականում, ես համաձայն չեմ մրցավարների որոշման հետ։ Մրցակիցը կեղտոտ բռնցքամարտ վարեց, իսկ մրցավարները այնքան պրոֆեսիոնալիզմ չդրսևորեցին` հասկանալու համար, թե ինչ է կատարվում ռինգում։ Ամեն դեպքում, օլիմպիական բրոնզն էլ մեծ նվաճում է։ Սա ամբողջ հայկական բռնցքամարտի ու հայկական սպորտի նվաճումն է։ Շնորհավորում եմ բոլորիս ու շնորհակալություն հայտնում բոլոր նրանց, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում հանուն հայկական բռնցքամարտի։ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ձգտելու է նրան, որ բռնցքամարտում Հայաստանը լինի առաջատարների թվում»,- Հովհաննես Հովսեփյանի խոսքը մեջբերում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ 2018թ. Եվրոպայի չեմպիոն, Մինսկ-2019-ի Եվրոպական խաղերի հաղթող, 2018 և 2019 թվականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր գյումրեցի բռնցքամարտիկն օգոստոսի 6-ին տեղի ունեցած կիսաեզրափակիչում մրցեց 22-ամյա ամերիկացի Քեյշոուն Դևիսի հետ և պարտվեց միավորներով (0:5):
Տոկիո-2020-ում 28-ամյա Հովհաննես Բաչկովը հուլիսի 25-ին մեկնարկել էր Անտիգուան ներկայացնող Ալսթոն Ռայանի նկատմամբ վստահ հաղթանակով (5։0), իսկ 1/8 եզրափակիչում տպավորիչ հաղթանակ էր տարել 2013թ․ աշխարհի չեմպիոն, 29-ամյա ադրբեջանցի Ջավիդ Չելեբիեւի նկատմամբ (4։1)։
Նախորդ անգամ Հայաստանը բռնցքամարտում օլիմպիական մեդալ նվաճել էր 2008 թվականին: Պեկին-2008-ում բրոնզե մեդալակիր էր դարձել վանաձորցի Հրաչիկ Ջավախյանը։
Տոկիո-2020-ի բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի մյուս երկու ներկայացուցիչներ Կորյուն Սողոմոյնանը (52 կգ) և Արման Դարչինյանն (75 կգ) ավարտել են ելույթները: Կորյուն Սողոմոնյանը հուլիսի 26-ին տեղի ունեցած 1/16 եզրափակիչի մենամարտում պարտվել էր Մեծ Բրիտանիան ներկայացնող Ջալալ Յաֆային և լքել պայքարը: Արման Դարչինյանը 1/8 եզրափակիչում Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, 23-ամյա սլովակ Անդրեյ Շեմեզի նկատմամբ վստահ հաղթանակ տանելուց հետո քառորդ եզրափակիչում նոկաուտով պարտվել էր ֆիլիպինցի Էումիր Մարցիալին: