ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հյուրընկալել է Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են Ազգային ժողովից։
Ողջույնի խոսքում ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է նոր պաշտոնում Արցախի իր պաշտոնակցի հետ առաջին պաշտոնական հանդիպումն անցկացնելու փաստը: Ալեն Սիմոնյանը նշել է, որ հայկական զույգ պետությունների միջեւ միասնականությունը հիմնարար արժեք է, որի պահպանումը պետք է մշտապես տեղ գտնի պետական եւ հանրային ռազմավարական ծրագրերում:
ՀՀ ԱԺ նախագահը նաեւ հույս է հայտնել, որ երկու խորհրդարանները կշարունակեն արդյունավետ համագործակցել, ինչպես նաեւ, անհրաժեշտության դեպքում, կվերանայվեն փոխգործակցության նախկին պայմանավորվածությունները:
Արթուր Թովմասյանն ի պատասխան շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Արցախի Հանրապետության ԱԺ նախագահը շեշտադրել է ներկայիս բարդ ժամանակաշրջանի առանձնահատկություններն ու դրանցով պայմանավորված նոր իրողությունների ի հայտ գալու փաստը: Թովմասյանը նաեւ նշանակալի է համարել խորհրդարանական դիվանագիտության դերը Արցախի միջազգային ճանաչման գործընթացում: