Հայաստանի ազգային հավաքականը Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) դասակարգման աղյուսակում առաջադիմել է 2 աստիճան և զբաղեցնում է 88-րդ տեղը:
Նախորդ հրապարակումից հետո Խոակին Կառառոսի գլխավորած թիմն անցկացրել էր 2 ընկերական հանդիպում՝ ոչ ոքի խաղալով աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հետ (1:1) ու պարտվելով Շվեդիային (1:3):
ՖԻՖԱ-ի դասակարգման առաջատարը շարունակում է մնալ Բելգիայի հավաքականը, որին հաջորդում են Բրազիլիան ու աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիան: Անգլիացիները չորրորդն են, իսկ Եվրոպայի նորընծա չեմպիոն Իտալիայի հավաքականը բարձարցել է 5-րդ տեղ: Լավագույն տասնյակում են նաև Արգենտինան, Իսպանիան, Պորտուգալիան, Մեքսիկան ու ԱՄՆ-ը:
Քաթարում կայանալիք 2022թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի J խմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներից Գերմանիան 16-րդն է, Ռումինիան՝ 45-րդը, Իսլանդիան՝ 53-րդը, Հյուսիսային Մակեդոնիան՝ 72-րդը, իսկ Լիխտենշտեյնը՝ 189-րդը:
Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարի մեկնարկային 3 տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել է Լիխտենշտեյնին (1:0), Իսլանդիային (2:0), Ռումինիային (3:2) և J խմբի առաջատարն է: Աշնան սկզբնամասում Խոակին Կապառոսի գլխավորած թիմը կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի (սեպտեմբերի 2), Գերմանիայի (սեպտեմբերի 5) ու Լիխտենշտեյնի (սեպտեմբերի 8) հավաքականների հետ: