Կառավարության 2021-26 թվականների գործունեության ծրագիրը ներկայացնում եմ արտառոց պայմաններում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 24-ին, Ազգային ժողովում Կառավարության ծրագիրը ներկայացնելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«2020 թվականի 44-օրյա պատերազմի ծանր հետեւանքները, պատերազմի ընթացքում մեր ունեցած 3773 զոհերը, 243 զինվորների գտնվելու վայրը, անհայտ լինելու հանգամանքը, մեր գերեվարված զինվորների մի մասի դեռեւս վերադարձած չլինելու փաստը, հազարավոր տեղահանվածները, Արցախում եւ Հայաստանում ստեղծված ոչ սովորական եւ բարդ սոցիալ-տնտեսական վիճակը, Հայաստանի եւ Արցախի շուրջ ահագնացող մարտահրավերները, ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական ԶՈՒ-երի ապօրինի ներխուժման հետեւանքով Սոթք-Խոզնավար հատվածում առկա ճգնաժամային իրավիճակը, նոյեմբերի 9-ից հետո ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ եռակողմ հայտարարության պարբերական խախտումները եւ դրա հետեւանքով նոր զոհերի առկայությունը, միջազգային լարված դրությունը, կորոնավիրուսի շարունակվող համավարակն արտառոց են դարձնում այն միջավայրը, որում պիտի քննարկենք կառավարության ծրագիրը։
Այս քննարկումը, սակայն, պիտի լինի ոչ միայն խնդիրների ու մարտահրավերների արձանագրման, այլեւ դրանց պատճառների ու ծագումնաբանության մասին եւ ամենակարեւորը, պիտի լուծման ուղիներ նախանշի՝ կարճաժամկետ, միջնաժամկետ, նաեւ ռազմավարական հեռանկարի առումով, որովհետեւ ակնհայտ է, որ ՀՀ-ն գտնվում է ճակատագրական ու շրջադարձային հանգրվանում, մի կետի վրա, որտեղից շարունակությունը վճռորոշ է լինելու մեր պետության ու պետականության համար»,- նշեց Փաշինյանը։
Նա հույս հայտնեց, որ այսօրվա քննարկման ոճաբանությունը, բովանդակությունն ու դրա խորությունն ու մթնոլորտը համապատասխան կլինի այն օրակարգին, որի առաջ այսօր կանգնած է Հայաստանը։