«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի միջադեպի մասով ՀՔԾ-ն այս օրերին ակտիվ ուսումնասիրություն է սկսել ինչպես գլխավոր դատախազի ուղարկած տեսագրություններով, այնպես էլ մամուլում հրապարակված տեսահոլովակների հիման վրա: Ավելին՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՔԾ-ն անգամ գրություն է ուղարկել Ազգային ժողով, որպեսզի նրանք տրամադրեն իրենց կողմից նկարահանած միջադեպը:
ՀՔԾ քննչական խումբը, որ զբաղվում է նյութերի նախապատրաստմամբ, այս փուլում այն կարծիքին է, որ միջադեպով հարուցվելու է քրեական գործ, իսկ թե ովքեր կանցնեն գործով, ինչ կարգավիճակով, ցույց կտա ժամանակը: Հիշեցնենք, որ ծեծին շատ ակտիվ մասնակցություն են ունեցել հենց ՔՊ-ական պատգամավորները, որոնք սկսել են բռնություն կիրառել: Եվ այստեղ հետաքրքիր է՝ տեսնենք՝ ՀՔԾ-ն իսկապես անաչառ կգործի եւ պատասխանատավության կկանչի խմբակային խուլիգանության դիմած ՔՊ-ական պատգամավորներին, թե ուժը կպատի միայն ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորների վրա: