«Ադրբեջանական դատարանների կողմից մեր գերեվարված քաղաքացիներին երկար տարիների ազատազրկման դատապարտելու փաստը նաեւ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերին եւ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելությունը վարկաբեկելու նպատակ ունի», օգոստոսի 24-ին ասել է Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում։
«Նրանց բացարձակ մեծամասնությունը գերեվարվել են նոյեմբերի 9-ից հետո, այսինքն՝ եռակողմ հայտարարության ստորագրումից, խաղաղապահ ուժերի տեղակայումից հետո՝ խաղաղապահների պատասխանատվության գոտիներում», ասել է նա: Փաշինյանը հիշեցրել է, որ Ադրբեջանը մինչեւ օրս չի ստորագրել խաղաղապահների մանդատը:
Սա անուղղակի մեղադրանք է Ռուսաստանի հասցեին՝ Մոսկվան պատասխանատու է հայ զինվորների գերեվարման հարցում․ խախտելով եռակողմ հայտարարությունը։ Փաշինյանը հիշեցրել է նաեւ, որ Մոսկվան առանց Բաքվի մանդատի է ներկայացված Արցախում, թեկուզ Արցախը համարում է «Ադրբեջանի տարածք»։
«Եթե հստակ լինենք, ապա նոյեմբերի 9-ի փաստաթղթում խոսք էր գնում այն ռազմագերիների մասին, որոնք գերության մեջ էին գտնվում այդ պահին։ Այսօր ադրբեջանցիները մեծամասամբ պահում են հայ ռազմագերիների այն խմբերին, որոնք այնտեղ էին հայտնվել նոյեմբերի վերջին՝ այն բանից հետո, երբ նոյեմբերի 9-ի հայտարարությունն ուժի մեջ էր մտել եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել ցանկացած թշնամական գործողությունների դադարեցման մասին», օգոստոսի 31-ին ասել է ՌԴ արտգործնախարար Լավրովը Հայաստանի ԱԳՆ ղեկավար Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում։
Փաստորեն, Լավրովը համարում է, որ հայ զինվորների ներկայությունը հայկական վերահսկողության տակ մնացած Հադրութի շրջանի Հին Թաղեր եւ Խծաբերդ գյուզերում՝ «թշնամական գործողություններ էին»։ Թեեւ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ այդ գյուղերից հայկական զորքերի դուրսբերման մասին կետ չկա, եւ ռուս խաղաղապահներն էլ այդտեղ, ըստ բազմաթիվ վկայությունների, փաստացի աջակցել են գերեվարման հարցում։
Արդյոք գաղտնի պայմանավորվածություններ են եղել Հադրութի եւ Շուշիի շրջանների ամբողջական հանձնման մասին։ Եւ արդյոք դրա հետ են կապված ռուսական բանակի վերջին գործողությունները Շուշիի շրջանում։ Հիշեցնենք, մի քանի օր առաջ Շուշիի շրջանի Եղծահող, Հին շեն եւ Մեծ շեն համայնքների մոտակայքից հանվել են հայկական բանակի հենակետերը, եւ ռուսական պարեկություն է սահմանվել։
Է՞լ ինչն է Ռուսաստանը «թշնամական գործողություն» համարում։ Հիմա ռուսների «գլխացավանքը» Արցախի զինված ուժերն են։ Ռուս գեներալ-գրաքննիչների ուղղորդմամբ՝ Արցախի ղեկավարությունը խոսում է բանակի «վերակազմավորման» մասին։ Խծաբերդը այս հարցի պատասխան չդարձավ։
Նյութի աղբյուր՝ Lragir.am