Շարմ էլ Շեյխից դեպի Կահիրե ընթացող ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 12 մարդ: Ավտովթարի զոհերի մեջ կան երեխաներ, շուրջ 40 մարդ ստացել է տարբեր ծանրության վնասվածքներ: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ավտոբուսում օտարերկրացիների գտնվելու մասին տվյալներ դեռևս չկան:
«Տուժածների շրջանում կան շատ ծանր վիճակում գտնվող մարդիկ, մի քանիսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում»,- նշել են հիվանդանոցում:
Վթարը տեղի է ունեցել Կահիրեից շուրջ 100 կմ հեռավորության վրա: Վարորդը չի կարողացել կառավարել ավտոբուսը, ինչի հետևանքով այն բախվել է բետոնե պատին և կողաշրջվել:
Վթարի վայր է տեղափոխվել շուրջ 30 շտապ օգնության մեքենա, որոնք հիվանդանոցներ են տեղափոխել ուղեղի ցնցումով, բաց վերքերով, կոտրվածքներով և տարբեր վնասվածքներով մարդկանց: