Ադրբեջանն ու Ռուսաստանը քննարկում են լրացուցիչ իրավական մեխանիզմներ՝ կապված Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների մանդատի հետ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
«Ինչ վերաբերում է խաղաղապահների մանդատի վերաբերյալ լրացուցիչ համաձայնագրերին և լրացուցիչ իրավական մեխանիզմներին, ապա այդ առնչությամբ կողմերի միջև եղել են նախնական շփումներ, և որոշակի քննարկումներ դեռ շարունակվում են», – ասել է Հաջիևը BBC-ին տված հարցազրույցում:
Նա ընդգծել է, որ ռուս խաղաղապահների գործունեությունն ու գործողություններն իրականացվում են նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության համաձայն, որը ստորագրել են Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարները:
Հաջիևն ասել է, որ եռակողմ հայտարարությունը խաղաղարար ուժերի համար սահմանում է «քաղաքական և որոշակի չափով իրավական շրջանակ»: