Այն օրը, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջերս նշանակված ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը Երևանում էր և հանդիպում էր Հայաստանի ղեկավարության հետ, Անկարան և Բաքուն համատեղ զորավարժություններ անցկացրեցին Արցախի գրավյալ Քաշաթաղի շրջանում:
«Մենք ուշադիր հետևում ենք Ադրբեջանի և Թուրքիայի գործողություններին Արցախի օկուպացված տարածքներում: Մենք սա դիտարկում ենք որպես նոր մարտահրավերներ, և այդ նոր իրողությունները հաշվի ենք առնում մեր քաղաքականությունը կառուցելիս», ասել է ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը:
Նույն օրը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է ռուս համանախագահի հետ և նշել, որ Արցախը շարունակում է հավատարիմ մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունները շարունակելուն: Նշվել է համանախագահների առաջիկա այցի կարևորությունը: Հարությունյանը միաժամանակ նշել է ռուսական խաղաղապահ զորախմբի դերը տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման գործում:
Ե՛վ Նիկոլ Փաշինյանը, ե՛ւ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը խոսել են Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունները վերսկսելու անհրաժեշտության մասին: Միրզոյանը աջակցություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ 44-օրյա պատերազմից հետո արված հայտարարություններին, որոնք ընդգծում էին հակամարտության երկարաժամկետ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը` հիմնված հայտնի սկզբունքների և տարրերի վրա:
Մոսկվան և Բաքուն փորձում են պահպանել եռակողմ ձևաչափը ՝ ճնշում գործադրելով հայկական կողմի վրա ՝ զորավարժությունների, սադրանքների և այլ միջոցներով: Միաժամանակ, հայկական կողմի պահվածքում նկատելի է բանակցությունների պահանջից ու անմիջական մասնակցությունից խուսափելու միտում, ինչպես ասում են հայ պաշտոնյաները՝ «սպասում ենք Մինսկի խմբի առաջարկներին»: Դա փաստացի արտացոլված է նաեւ կառավարության ծրագրում։
Ստեփանակերտում Արցախի անկախության 30-ամյակին նվիրված միջոցառումներին չմասնակցելու «քաղաքական որոշումը» ընկալվեց որպես ղարաբաղյան կարգավորմանը ներգրավվելու Երեւանի ցանկության բացակայություն: Երևանը բանակցությունները պատվիրակում է ԵԱՀԿ Մինսկի խմբին, Մոսկվային՝ միայն թե չկրի պատասխանատվություն:
Այսպիսի պահվածքը թշնամուն թույլ է տալիս քայլ առ քայլ առաջ գնալ և ռուս խաղաղապահների «բարձր հովանու տակ» զորավարժություններ անցկացնել անմիջապես «Տեղ գյուղից այն կողմ»:
Նյութի աղբյուր՝ Lragir.am