Այդ մարդիկ, մնալով իշխանության, ամենօրյա ռեժիմով քանդում են մեր երկիրը, անվտանգային համակարգը, մաս-մաս հանձնում երկիրը, չեն կարողանում ներկայացնել ՀՀ, Արցախի Հանրապետության շահերը։ Կանգնած ենք, պահանջում ենք իշխանափոխություն։ Ընդդիմությունը չունի կախարդական փայտիկ, որ գա ասի՝ իշխանություն, վեր կացեք, գնացեք, որովհետև դուք վատն եք։ Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու լծակ ոչ ոք չունի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Պատիվ ունեմ դաշինքի պատգամավոր Արթուր Վանեցյանը։
Նույն մտքերն արտահայտում են նաեւ այլ ընդդիմադիրներ։ Միանգամից նշենք, որ տվյալ պարագայում խոսքը նախկին երկու նախագահների շուրջ ձեւավորված ընդդիմադիր դաշինքների մասին է։ Նրանք նաեւ արդարացիորեն զարմանում էին, թե ինչպես կարող է պատերազմում պարտված իշխող ուժն իր ղեկավարով վերընտրվել։
Հենց այստեղ է հարցերի պատասխանը։ Դեռեւս 17-ՀՓՇ շրջանում ընդդիմության ռուսանպաստ այս հատվածը խոստովանում էր, որ Փաշինյանի իշխանությունը դժվար է լինելու տապալել, թեեւ նոյեմբերի 9-ից հետո երկու անգամ Կրեմլի եւ Պետդումայի ինչ որ դռնապանների մակարդակով «հավաստիացումներից» հետո հայտարարեցին, թե Փաշինյանի իշխանությանը հաշված օրեր են մնացել։ Իրականության մեջ, 17-ՀՓՇ-ի «պայքարը» Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահելու խնդիր լուծեց, կամա թե ակամա՝ էական չէ։ Ինչպես ասում է Սերժ Սարգսյանը՝ քաղաքականության մեջ կարեւորը փաստն է։
Նման տեխնոլոգիայով էլ իրականացվեց արտահերթ ընտրությունը, Փաշինյանի իշխանության վերարտադրությամբ։ Մոսկովյան պողպատի իմաստը հետեւյալն է՝ Մոսկվային ձեռնտու է Նիկոլ Փաշինյանը․ նախ, նրան ամուր փակցվել է «արեւմտամետ, սորոսական, թուրք» պիտակը, այդ թվում հայկական ռուսանպաստ ընդդիմության ու մամուլի միջոցով, ինչը Մոսկվային հնարավորություն է տալիս իր հակահայ քաղաքականությունը բացատրել դրանով։ Երկրորդ, նոյեմբերի 9-ի պարտավորություններով կաշկանդված իշխանությունը չի կարող կայացնել ինքնիշխան որոշումներ։
Այս ամենը տեսանելի է վաղուց, հանրային ամենալայն շերտերի։ Ըստ այդմ, նրանց մոտ հարց է առաջանում՝ եթե Փաշինյանը ստորագրել է նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որը ընդդիմությունը համարում է դավաճանական ու կապիտուլյանտական քայլ, բայց միաժամանակ հավատարմություն հայտնում դրա նախաձեռնողին ու գլխավոր հեղինակին՝ Մոսկվային, այդ դեպքում ինչո՞ւ մասնակցել նրա ակցիաներին կամ քվեարկել նրա օգտին։ Հանրային լայն շերտեր տեսնում են, որ նոր խորհրդարանը կազմավորվել է հենց նոյեմբերի 9-ին հավատարմության հիմքով, այսինքն՝ ընդդիմությունն էլ իր մանդատը ստացել է մոսկովյան պողպատի շրջանակում։ Չհաշված մեկ-երկու պատգամավորի, խորհրդարանի ոչ մի ընդդիմադիր պատգամավոր իր ելույթներում ու հարցադրումներում դուրս չի գալիս այդ շրջանակից։
Ըստ այդմ, իշխանափոխության կամ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու երկու ճանապարհ կա։ Դա կարող է անել Մոսկվան՝ դրա համար բազմաթիվ լծակների է տիրապետում։ Իսկ ներքին ճանապարհը շատ պարզ է՝ ընդդիմությունը պետք է մերժի եռակողմ հայտարարությունն ու դրա հեղինակների համաձայնությունները Հայաստանի դեմ եւ սկսի քննարկումներ Արցախի կարգավիճակի եւ Հայաստանի հետ վերամիավորման որոշման իրականացման համար։ Այդ պարագային կլինի նաեւ հանրային լայն աջակցություն, մարդիկ կհեղեղեն փողոցները։ Հնարավոր է՝ Նիկոլ Փաշինյանն էլ ուրախ կլիներ դրա համար։ Կգնա՞ դրան խորհրդարանական ընդդիմությունը։
Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/09/16/668512/