«Մենք հայտարարում ենք անվստահություն Երևանի ավագանուն» ,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Սպառողների ասոցիացիայի» նախագահ Արմեն Պողոսյանը:

Նա, վերլուծելով Հայաստանում առկա բազում տնտեսական խնդիրները, եզրակացրեց, որ ավագանին չի կատարում իր վրա դրված պարտավորությունները:

«Խնդիրները առկա են տնտեսության բոլոր ճյուղերում: Այս տարի ամռանը համաճարակներ և թունավորումներ չեղան, բաց դա չի նշանակում, որ սննդի ոլորտում խնդիրներ չկան: Առողջ ապրելակերպի խնդիրը մտնում է մեր ռազմավարական ծրագրերի մեջ, սակայն ցավոք միայն թղթի վրա»,- նշեց Արմեն Պողոսյանը:

Սննդի ասպարեզում երկու տարի առաջ կայացվել է որոշում, ըստ որի, պետք է ստուգայցեր կատարվեն մարզեր, սակայն Արմեն Պողոսյանի համար անհասկանալի պատճառներով, այցեր եղել են միայն մարզերից երկուսում:

Շինարարական ոլորտում ևս ամեն ինչ չէ, որ կատարյալ է «Սպառողների ասոցիացիայի» նախագահի կարծիքով:

«Այս պահին կատարվում է վանդալական հարված Երևանի կանաչ տարածքբներին, ճեմուղիներին, այգիներին: Կառուցվում են անիմաստ կառույցներ: Բաղրամյան փողոցում կա պարսպապատված հատված, որտեղից ծառերը անընդհատ անհետանում են, բայց քաղաքապետարանը ոչինչ չի ձեռնարկում», - ասաց Արմեն Պողոսյանը:

Ըստ նրա՝ հուսալի վիճակում չէ նաև տրանպորտի ոլորտը և մռայլ հեռանկարներ են սպասվում տնտեսական աճի առումով: