Գլոբալ տաքացման սցենարներից մեկի համաձայն՝ հինգ հարյուր տարուց Երկիրը կյանքի համար անպիտան վայր կդառնա, ասվում է Wiley առցանց գրադարանում մի խումբ կանադացի եւ բրիտանացի գիտնականների հրապարակման մեջ:
Հետազոտողները ուշադրություն են դարձրել ՄԱԿ-ի՝ կլիմայական ռազմավարության փաստաթղթին, որի համաձայն երկրները պետք է անհապաղ մեծացնեն ջանքերը գլոբալ միջին ջերմաստիճանի բարձրացման դեմ պայքարի շրջանակներում: Գիտնականների կարծիքով՝ ՄԱԿ-ը սխալմամբ անտեսում է երկարաժամկետ ռիսկերը, փոխանցել է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Փորձագետները ներկայացրել են մոլորակի վրա փոփոխությունների երեք մոդել, որոնցից ամենավատը ենթադրում է պետությունների սահմանների տեղաշարժի սպառնալիք կամ նույնիսկ մարդու՝ որպես տեսակի վերացում:
«Եթե գլոբալ տաքացումը չդադարեցվի, հինգ հարյուր տարի անց Երկիրն այնքան կփոխվի, որ մենք ստիպված կլինենք պայքարել գոյատեւելու եւ պահպանելու համար մեր մշակույթները», - ասվում է The Conversation պորտալում հրապարակված հետազոտողների հոդվածում:
Ըստ այս տեսության՝ Երկրի մի մասը տաքացման պատճառով կդառնա անմարդաբնակ, իսկ բերրի հողի բացակայության պատճառով մի շարք մշակաբույսեր՝ ներառյալ ցորենը եւ կարտոֆիլը, դեֆիցիտ կդառնան:
Գիտնականները մատնանշել են գլոբալ մակարդակում կլիմայի ռազմավարությունների ավելի մանրակրկիտ պլանավորման եւ աղետը կանխելու համար ուժերի միավորման անհրաժեշտությունը: