Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Երևանի քաղաքապետարանի ենթակայության թվով 22 համաբուժարանների տնօրենների հետ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են բնակչությանը մատուցվող բժշկական ծառայությունների որակի բարձրացման և կառուցվածքային բարեփոխումներին առնչվող հարցեր:
Դավիթ Օհանյանը նախ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհակալություն է հայտնել համաբուժարանների տնօրեններին` «Երևանյան ամառ-2013» ծրագրի շրջանակում կազմակերպված անվճար առողջապահական ակցիան բարձր մակարդակով անցկացնելու համար: Քաղաքապետի տեղակալը նշել է, որ այս ընթացքում ակցիային առնչվող ոչ մի դժգոհություն կամ բողոք քաղաքացիներից չի ստացվել: Ակցիան շարունակվելու է մինչև օգոստոսի 31-ը ներառյալ, սակայն դրանից հետո էլ վիրահատության ուղեգրված բոլոր քաղաքացիները կսպասարկվեն անվճար:
Համաբուժարանների տնօրեններին Երևանի քաղաքապետի անունից հանձնարարվել է նաև նոր ուսումնական տարվա նախօրյակին դպրոցական բուժկետերն ապահովել առաջին անհրաժեշտության դեղորայքով և սարքավորումներով: Դավիթ Օհանյանը տեղեկացրել է, որ Շենգավիթ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների բնակիչների դիմումներին ընթացք տալով`Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Քանաքեռ թաղամասերում այսուհետ կգործեն բուժկետեր:
Անդրադառնալով գործող համաբուժարանների աշխատանքային պայմաններին և մատուցվող ծառայություններին՝ Երևանի քաղաքապետի տեղակալը նշել է, որ դրանք այսուհետ էլ կլինեն քաղաքային իշխանությունների ուշադրության կենտրոնում, քանի որ քաղաքապետարանը որդեգրել է ոլորտի աստիճանական բարեփոխումների քաղաքականություն, ինչն ամրագրված էր նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախընտրական ծրագրում:
Արվելու է հնարավորը բարեկարգ համաբուժարաններում ավելի որակյալ սպասարկում իրականացնելու համար: Շենքային պայմանների բարելավման, տեխնիկական վերազինման նպատակով համագործակցություն է ծավալվելու նաև մասնավոր ընկերությունների հետ: Քաղաքապետի տեղակալի համաբուժարաններ կատարած շրջայցի ընթացքում նկատված թերությունների մասով տեղում տրվել են հանձնարարականներ: Միաժամանակ, Դավիթ Օհանյանը համաբուժարանների տնօրեններին համախմբված և սրտացավ աշխատանքի կոչ է արել` նշելով, որ, որպես առաջնային բժշկական օղակ, նրանց կողմից մատուցվող ծառայություններից պետք է գոհ լինեն բոլոր երևանցիները: