«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Իշխանությունները ներքին քննարկումներում հասկացել են, որ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների անցկացումն այս պահին կարող է իրենց դեմ շուռ գալ: «Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ, կարծես թե, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզվել է, որ իր իշխանությանը չի հաջողվելու Երեւանի ավագանու ընտրություններում բացարձակ մեծամասնություն ապահովել:

Իշխանությունները Երեւանի տարբեր վարչական շրջաններում փորձել են տրամադրվածությունը պարզել իշխանության հանդեպ, ու պարզվել է, որ հնարավոր է՝ անգամ պարտվեն: Հիմա դադարեցրել են Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին «գահընկեց» անելու պրոցեսը ու փորձում են գոնե հայաստանյան այլ քաղաքներում իրավիճակն իրենց հսկողության տակ առնել: Կենտրոնացել են մարզերի, փոքր քաղաքների վրա, այնտեղ են փորձելու հեղափոխություն իրականացնել:


Մեր աղբյուրները փոխանցում են նաեւ, որ իշխանությունը համոզվել է, որ քաղաքապետ Հայկ Մարությանից «ազատվելն» էլ օր օրի անհնարին է դառնում, ու, կարծես թե, համակերպվում են իրավիճակի հետ: Այս պահին իշխանությունը կարծում է, որ պետք է պատրաստվել Երեւանի ավագանու հերթական ընտրություններին, որը պետք է կայանա 2023 թվականի սեպտեմբերին: Մարությանն էլ իր շրջապատում հայտարարել է, որ ինքը ընտրված քաղաքապետ է ու չի պատրաստվում հեռանալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում