«Երեկ մեր թղթակիցը եղել է Փակ շուկայի ներսում, որն անճանաչելի է դարձել՝ վերածվելով «պաբելկա» արված առևտրի կետի։ Եթե շուկան միահարկ, բարձր տանիքով կոթողի էր նման, ապա այժմ այնտեղ կառուցվել է նաև երկրորդ հարկ, տեղադրված է այնտեղ տանող շարժասանդուղքը։ Սուպերմարկետի կահավորումը գրեթե ավարտված է։ Մեր թղթակցի ֆոտոխցիկը արձանագրել է առևտրային վիտրաժները։ Անգամ դրամարկղերն են տեղադրված և տոպրակով ծածկված։ Մի խոսքով՝ մնում է փոշին մաքրել և ապրանքները դասավորել, և «Սիթին» պատրաստ է գործարկման։
Սամվել Ալեքսանյանի գրասենյակից սուպերմարկետի գործարկման վերաբերյալ որևէ տեղեկություն մեր թղթակցին հրաժարվել են հաղորդել։ Այնինչ, բանվորները փոխանցել են, որ աշխատանքները մեծ թափով իրականացվում են՝ սեպտեմբերի 15-ին բացումն անելու համար։ Աղմկահարույց պրոյեկտի վերջնակետին հասնելու համար մնացել է դրսի մի քանի կոսմետիկ աշխատանք, որից ամենախոշորը շենքի շրջակայքի ասֆալտապատումն է։ Դա էլ արդեն ընթացքի մեջ է։
Այնպես որ, ի հեճուկս բոլորի, Փակ շուկայի աղճատումը ավարտական փուլում է»,–գրում է «Հայկական ժամանակ»-ը: