Վանո Սիրադեղյանի այրին` Ռուզան Տոնոյանը, «Ազատությանն» է փոխանցել իր հայտարարությունը, որում նշվում է, որ Վանո Սիրադեղյանի աճյունը Հայաստան տեղափոխելու է ինքը։
«Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ կառավարությանը` հանձին` վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Վանո Սիրադեղյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողով ստեղծելու և աճյունը Հայաստան տեղափոխելու անկեղծ ջանքեր գործադրելու համար:
Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այս օրերին անկեղծ ցավակցում և զորակցում են մեզ:
Ուզում եմ տեղեկացնել, որ Վանո Սիրադեղյանի «ծանր վերադարձը» Հայաստան կիրականացնեմ ես։ Խնդրում եմ զերծ մնալ ավելորդ մեկնաբանություններից և շահարկումներից։
Ռուզան Տոնոյան», – ասված է հայտարարության մեջ։
«Ազատությունը» Ռուզան Տոնոյանից հետաքրքրվել է՝ ինչո՞ւ է որոշել աճյունը Հայաստան տեղափոխելու հարցով ինքը զբաղվել, սա նշանակո՞ւմ է, որ կառավարությունից նեղսրտած է։
Սիրադեղյանի այրին միայն ասել է. «Ոչ, կառավարությունից նեղսրտած չեմ»։