Վերաքննիչ քրեական դատարանում սկսվել է Գևորգ Գևորգյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:
Թերթի տեղեկացմամբ՝ գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: 33-ամյա Գ.Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով և 118-րդ հոդվածով՝ շորթման, տուժողի նկատմամբ բռնություն գործադրելու, ծեծելու համար:
Տուժողը՝ Հերմինեն, ով Գևորգի հարևանուհին է, չի ժխտել, որ զբաղվում է մարմնավաճառությամբ:
2013թ. հունվարի 14-ին Հերմինեն ոստիկանությունում հաղորդում է տվել, որ իր հարևան Գևորգը, ով տեղյակ է եղել իր՝ մարմնավաճառությամբ զբաղվելուն, պարբերաբար այցելել է իր տուն և սպառնացել, թե մարմնական վնասվածքներ կպատճառի իրեն ու երկու անչափահաս երեխաներին, եթե կանխիկ գումար չտա:
Հերմինեն, վախենալով և հաշվի առնելով, որ Գևորգը նախկինում դատվել է դանակահարության և ավազակության համար, պարբերաբար նրան գումար է տվել, լիցքավորման քարտ և ոսկյա մատանի:
2013թ. հունվարի 13-ին Գևորգը դարձյալ մտել է Հերմինեի տուն, հայհոյել ,ծեծել և նրան, և նրա ընկերուհուն:
Ինչպես գրում է թերթը, ընդհանուր իրավասության դատարանում Գևորգը շորթման մասով իրեն մեղավոր չի ճանաչել, իսկ ծեծի մասով՝ մասնակիորեն:
Ըստ ամբաստանյալի՝ նա Հերմինեին զգուշացրել է, որ մարմանվաճառ ընկերուհիներին տուն չթողնի, քանի որ նրանց հետ շենք են գալիս նաև անծանոթ տղամարդիկ՝ ոգելից խմիչք օգտագործած վիճակում:
Դեպքից երեք օր առաջ, ըստ Գևորգի, ինքը կրկին Հերմինեի տուն է մտել և պահանջել, որ մարմնավաճառ ընկերուհուն տանից հանի: Սակայն հաջորդ օրը «Սևան» ՔԿՀ-ից զանգել են իրեն և զգուշացրել, որ Հերմինեի ընկերուհուն նեղություն չտա, որից բարկացած՝ Գևորգը կրկին գնացել է Հերմինեի տուն և վիճաբանել նրա և ընկերուհու հետ:
Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Գևոր Գևորգյանին շորթման մասով արդարացրել է՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նրան մեղավոր է ճանաչել և դատապարտել տուգանքի՝ 100 հազար դրամի չափով:
Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք են բերել մեղադրողը և տուժողը՝ Հերմինեն:
Մեղադրողը պահանջել է Գ.Գևորգյանին մեղավոր ճանաչել նաև շորթման մասով և նրա նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 4 տարի ժամկետով:
«Վերաքննիչ դատարան էր ներկայացել տուժող Հերմինեն՝ փոքրամարմին, անշուք մի կին, հինավորց մասնագիտության ևս մի հայուհի ներկայացուցչուհի, ում տանը, ըստ քրեական գործի նյութերի, մեծանում են 14 և 15 տարեկան աղջիկնեը, հյուրընկալվում են նրա գործընկեր մարմնավաճառները և այցելություններ են կատարում տարբեր տղամարդիկ: Հիմա արդեն հինավուրց մասնագիտությամբ զբաղվողներն նառանձնապես չեն քաշվում իրենց գործի պատճառով, քիչ է մնում հպարտություն էլ զգացվի նրանց կեցվածքում»,- գրում է թերթը:
Տուժողի բողոքում արտահայտված պահանջը համահունչ է մեղադրողի բողոքում արտահայտված պահանջին, պարզապես Հերմինեն պահանջում էր, որ Գևորգից հօգուտ իրեն վերադարձվեն բոլոր շորթված գումարները:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» օրաթերթի՝ 28.08.13թ. համարում: