Կրծքով կերակրման ժամանակ բարձր ջերմությունը մայրիկներին բավականին անհանգստացնում է: Ճիշտ է, կրծքի կաթը լավագույն սնունդն է երեխայի համար, սակայն երբեմն պատահում է, որ մայրը հիվանդանում է և սկսում բարձր ջերմել: Եվ հարց է առաջանում՝ ինչպե՞ս չվնասել երեխային նման դեպքերում:


Ոչ վաղ անցյալում բարձր ջերմության դեպքում կրծքով կերակրելը անցանկալի էր համարվում և խորհուրդ էր տրվում դադարեցնել այն: Սակայն այսօր բժիշկները դեմ են նման առաջարկություններին և պնդում են, որ միայն բացառիկ դեպքերում է խոսք գնում կրծքով կերակրումն ընդհատելու մասին։ Իսկ մինչ այդ պետք է հասկանալ ջերմության բարձրացման պատճառները: Հիմնականում ջերմության բարձրացումը հակացուցում չէ կրծքով կերակրման համար, սակայն բոլոր դեպքերում հարկավոր է դիմել բժշկի։ Օրինակ, սթրեսը և ձվազատումը, վարակիչ հիվանդություննեը, հետծննդաբերական բորբոքումները կարող են ջերմության բարձրացման պատճառ լինել: Այս դեպքերում ևս պետք է դիմել բժշկի, սակայն կերակրումը սովորաբար չի դադարեցվում։

Չնայած որ հիմնականում ջերմության բարձրացումը չի վտանգում ոչ մոր, ոչ էլ երեխայի առողջությանը, սակայն կան իրավիճակներ, երբ ավելի լավ է ժամանակավորապես դադարեցնել կերակրումը։ Օրինակ, եթե ջերմության բարձրացման պատճառը լուրջ հիվանդությունն է, որի դեպքում պարզապես կնոջ ուժերից վեր է կերակրումը, կամ եթե ծննդաբերութունից հետո խնդիրներ են առաջացել և բժիշկը հակաբիոտիկներ է նշանակել: