ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող բազմադրվագ քրեական գործի շրջանակներում կատարված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում բացահայտվել են խարդախությունների մի շարք դեպքեր
Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևանի 32-ամյա բնակիչը, խարդախությամբ ուրիշի գույքը հափշտակելու ողղակի դիտավորությամբ, ձեռք բերելով քաղաքացիների վստահությունը, տիրացել է վերջիններիս «Իդրամ» դրամապանակների տվյալներին, դրա միջոցով կնքել է առցանց վարկային պայմանագրեր և հափշտակել վարկային պայմանագրով տրամադրված դրամական միջոցները՝ պատճառելով գույքային վնաս:
Մասնավորապես պարզվել է, որ 2020-2021թթ. ընթացքում հիշյալ տղամարդը, Odnoklassniki.ru սոցիալական ցանցում` «GAG Yan», «GAGO YAN» և «Gagik Avetisyan» անուններով, Facebook.com սոցիալական ցանցում` «Gagik Asatryan» անվամբ, Instagram.com կայքում «g.22.g22.g.22.g» անվամբ գրանցված օգտահաշիվների միջոցով ծանոթացել է մի շարք կանանց հետ, ներկայացել որպես ֆինանսապես ապահովված անձ, վերջիններիս ամուսնանալու կեղծ խոստումներ տալով՝ ձեռք բերել նրանց վստահությունը: Խաբեությամբ տիրանալով վերջիններիս «Իդրամ» դրամապանակների տվյալներին՝ 32-ամյա տղամարդը ձևակերպել է առցանց վարկային պայմանագրեր և հափշտակել դրանցով ստացված՝ ընդհանուր 3.050.000 ՀՀ դրամ գումարը: Բացի այդ վերջինս, չարաշահելով վերոնշյալ կանանցից մեկի վստահությունը, խարդախությամբ հափշտակել է նրա ոսկյա զարդերը:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 32-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (3 դրվագ) և 178-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Հաշվի առնելով հանցագործության այս տեսակի տարածումը՝ վերոնշյալ անվանումներով գրանցված օգտատիրոջ կողմից կատարված, ինչպես նաև համանման այլ հանցավոր արարքներից տուժած քաղաքացիներին վարույթն իրականացնող մարմինը հորդորում է դիմել իրավապահ մարմիններին, միաժամանակ նաև զերծ մնալ սեփական դրամապանակների տվյալներն այլ անձանց տրամադրելուց: