Այսօր` փետրվարի 18-ին, Հայաստանում նախագահի ընտրություններ են, որոնք վեցերորդն են անկախ Հայաստանի պատմության մեջ: Առավոտյան` ժամը 08.00-ին, 41 ընտրատարածքների բոլոր` 1988 ընտրատեղամասերը բացվել են: Դրանք կփակվեն ժամը 20:00-ին:
Ոստիկանության հրապարակած տվյալների համաձայն երեկվա՝ փետրվարի 17-ի դրությամբ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2 մլն 505 հազ. 980 է:
Նախագահի պաշտոնին հավականում է 7 թեկնածու. Հայաստանի գործող նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատություն» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, «Ազգայի ինքնորոշում» միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը, «Ռադիո հայի» խորհրդի նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը եւ որպես էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանը:
Ժամը 12:00-ին ԿԸՀ-ն տեղեկություններ կհաղորդի, թե ժամը 11-ի դրությամբ մարզերում և Երևանում որքան մարդ է քվեարկել: Նույն տեղեկատվությունը թարմացված ԿԸՀ-ն կներկայացնի 3 ժամը մեկ:
Ընտրությունների արդյունքների մասին առաջին տեղեկատվությունը ԿԸՀ-ն կհաղորդի փետրվարի 19-ին` ժամը 00:00-ին:


