««Ասոցացման համաձայնագիրը կդժվարացնի հայ պաշտոնյաների՝ օֆշորային գոտում հաշիվներ ունենալը»,– մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, նորաստեղծ ՀՀՇ նախաձեռնության անդամ Հովհաննես Իգիթյանը՝ անդրադառնալով այն կարծիքներին, թե նոյեմբերին Վիլնյուսում նախաստորագրվելիք Ասոցացման համաձայնագիրը շահեկան է հայ պաշտոնյաներին՝ օֆշորային գոտիներում իրենց հաշիվները պահելու տեսնակյունից։ «Հենց միայն այն պատճառով, որ տեղեկատվությունը կդառնա բաց։ Իսկ սա կարևոր հանգամանք է։

Եթե հիմա որոշ պետություններ հայ հասարակությանը, մամուլին ինֆորմացիա չեն տրամադրում իրենց երկրներում գրանցված կառույցների սեփականատերերի մասին, ապա այսուհետ չտրամադրել տեղեկատվություն նրանք չեն կարող։ Ցանկացած քաղաքացի եվրոպական ցանկացած երկրում կարող է մատը դնել յուրաքանչյուր շինության, կառույցի, գործարանի վրա ու իմանալ դրա սեփականատիրոջ անունը։ Այս տեսանկյունից հայ պաշտոնյաները, կարծում եմ, պետք է ամեն ինչ անեն, որ համաձայնագիրը չստորագրվի, իրենք դեպի Ռուսաստան գնան, ապրեն ռուս օլիգարխների պես՝ ցանկացած պետությունում պահելով մեծ կարողություն»,– ասել է նա»,–գրում է «168 ժամ» թերթը։