«Հայկական ժամանակ» թերթը Կոմիտաս 5 հասցեում ոստիկանության գործողությունների մասին զրուցել է Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ։ Հատված հարցազրույցից.
- Պարոն Օսիպյան, կարծիք կա, որ ոստիկանությունը չդիմեց հատուկ ստորաբաժանումների միջամտությանը՝ վախենալով, որ հակազդեցությունը ավելի մեծ կարող էր լինել։
Պատկերացրեք առաջին անգամ եմ լսում եւ չի տեղավորվում իմ տրամաբանության մեջ այդ հարցը, անկեղծ եմ ասում, ի՞նչ հակազդեցություն։ Բացի ակտիվիստներից այլ կարծիքներ էլ կան, քաղաքացիներ կան, որ ասում են հերիք եղավ, բոլ եղավ, ինչ եք ուզում մեր ոստիկանությունից։ Նորից եմ կրկնում, մենք ուզեցել ենք ուղղակի բացատրել, մենք չենք ուզեցել որեւէ խնդիր, հրմշտոց ստեղծել, լարել իրավիճակը, բայց ինչքան կարելի է բացատրել, միեւնույն է, եկեք տեսեք, որ չեն հասկանում։ Մենք ունենք քաղաքացիներ, որոնք էլ հակառակն են ասում, ինչի՞ չեք մյուս կողմն էլ ասում, ինչի՞ չեք ուզում ասել, որ չի կարելի ոստիկանների հետ այդպես վարվել, ոստիկանը հասարակական կարգն ապահովելով իր ծառայողական պարտականությունն է իրականացնում։
- Իսկ ոստիկանի պարտականություննների մեջ մտնո՞ւմ է ակտիվիստներին հայհոյելը։
Դուք ինքներդ տեսե՞լ եք, ես չեմ տիրապետւմ այդ լուրերին, տեսանյութին, որտեղ ոստիկանը հայհոյում է։
- Ոստիկանությունը երեկ հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ ակտիվիստ կնոջ պարանոցը համբուրած ոստիկանի լիազորությունները դադարեցվել են։ Պարոն Օսիպյան, ի՞նչ է նշանակում լիազորությունները դադարեցվել են։ Հնարավո՞ր է այդ ոստիկանի լիազորությունները կրկին վերականգնվեն։
Ես չեմ կարող ասել, թե ինչ կլինի, բայց չեմ էլ բացառում, որովհետեւ ես չեմ որոշողը։ Տվյալ տեսանյութն ուսումնասիրվում է մասնագետների կողմից, հետո կտրվի լիարժեք գնահատական։ Ես անձամբ զրուցել եմ այդ ոստիկանի հետ, նորմալ ոստիկան է, ունի ընտանիք, երեխա եւ ինքն անձամբ վիրավորված է, որ նման խոսակցություններ է ստեղծվել իր անձի շուրջ...»,- մեջբերում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):