Հայաստանի Ազգային ժողովը երկու նոր պատգամավոր ունի: Այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց ԿԸՀ երկու արձանագրությունների մասին, ըստ որոնց, ԱԺ պատգամավոր են դարձել «Հայաստան» դաշինքից Ասպրամ Կրպեյանը եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Միքայել Թումասյանը:

«Հիմա նորընտիր պատգամավորները ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի պետք է երդվեն: Տիկին Կրպեյանը ըստ ամենայնի դեռ պատգամավոր չի, որովհտեւ չի երդվի այս պահին, նա ներկա չէ դահլիճում: Պարոն Թումասյան, համեցեք ամբիոնի մոտ»,-ասաց Ալեն ՍԻմոնյանը:


Միքայել Թումասյանը ԱԺ ամբիոնից հնչեցրեց երդման տեքստը:

Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցությունից պատգամավորական մանդատից հրաժարվել էր ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին՝ Դավիթ Սեդրակյանը, որին ցուցակում հաջորդում էր Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, ով նույնպես հայտարարությամբ հրաժարվել էր մանդատից: Հետեւաբար, մանդատը բաժին էր հասել իրենց դաշինքի ցուցակում հաջորդ թեկնածու Ասպրամ Կրպեյանին:

Իսկ ՔՊ խմբակցությունից Նազելի Բաղդասարյանն օրերս նշանակվել է Շիրակի մարզպետ եւ նրա մանդատը բաժին է հասել Միքայել Թումասյանին: