«Մենք նպատակ ունենք Հայաստանի ամբողջ տարածքն ապահովել էլեկտրական մեքենաների լիցքավորման կայաններով։ Շատ ենք կարևորում հատկապես միջպետական ճանապարհները, որպեսզի զբոսաշրջիկների համար Հայաստանում երթևեկելն առավել հարմարավետ լինի: Բացի այդ, մեր ընկերության առաջնահերթություններից է հնարավորինս քիչ օգտագործել չվերականգվող ռեսուրսները, իսկ լավագույն դեպքում, դրանց օգտագործումը հասցնել զրոյի» - Yelaket.am-ի հետ զրույցում նշեց «Solara» ընկերության նախագծերի ղեկավար՝ Էդուարդ Մանուկյանը։
2019թ․ հիմնադրված «Սոլարա» ընկերությունը հանդիսանում է աշխարհահռչակ «LA solar group»-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ Ընկերությունը հայտնի է արևային էներգիայի խելամիտ և արդյունավետ օգտագործման նորարարական ու կատարելագործված մոտեցումներով։ Վառ օրինակ են հենց Էդուարդ Մանուկյանի նշած արագ լիցքավորման էլեկտրական կայանները: Դա, ըստ մեր զրուցակցի,
բոլորովին այլ՝ մնացածներից տարբերվող ապրանքատեսակ է։
«Սոլարայի առաջարկած լիցքավորման կայաններն այս պահին շուկայում առկա տեսակներից անհամեմատ ավելի հզոր են։ Օրինակ, մեր նոր արագ լիցքավորման կայանը հնարավորություն ունի ժամում 60 կՎտ հոսանքով լիցքավորել Էլեկտրական մեքենան։ Այսինքն նախկին 3 ժամվա փոխարեն, որոշ մեքենաներ արդեն կարելի է լիցքավորել 20 րոպեում։ Մեր նոր լիցքավորման կայանները հինգ և երեք պորտանի են, որոնք կարող են լիցքավորել միաժամանակ երեք մեքենա։ Մեծ լիցքավորման կայանի արագ լիցքավորման գլխիկից կարելի է ստանալ 60 կՎտ/ժ առավելագույն հոսանք, փոքր կայանների գլխիկները 7 և 22 կՎտ/ժ են»,- ներկայացնում է Էդուարդը։
Նա նաև ընդգծում է, որ լիցքավորման կայանների հավելվածի շնորհիվ վարորդները կարող են հաշվարկել, թե մոտավորապես ինչքան ժամանակում, քանի կՎտ կլիցքավորվի իրենց մեքենան և քանի կիլոմետր ճանապարհ կանցնի այդքան հոսանքով:
Ընկերության առաջնային նպատակներից է նաև այս միջոցներով խթանել Արցախի հետ կապը․ «Մենք այս պահին Սյունիքի մարզում՝ Տաթևում, ունենք էլեկտրական լիցքավորման կայաններ, որոնց մեկ ամբողջական լիցքավորմամբ հնարավոր է հասնել Ստեփանակերտ: Առաջիկայում պլանավորում ենք լիցքավորման կայան տեղադրել նաև հենց Ստեփանակերտում, որպեսզի հետադարձի ճանապարհը նույնպես հարմար լինի։
Բացի լիցքավորման կետերից, Սոլարան ծրագրում է նաև դրանց շրջակա տարածքում ստեղծել էկո միջավայր․
«Առաջիկայում մենք պլանավորում ենք ունենալ նաև լիցքավորման կայանների առանձին տարածքներ՝ կանաչ գոտիներ, քանի որ այդ կայանները, սպասասրահներն ու մյուս ենթակառուցվածքները գործելու են արևային էներգիայով: Բացի այդ, լինելու են նաև սննդի կետեր, որտեղ հաճախորդներին առաջարկվելու են բացառապես էկո սնունդ, դա նույնպես նոր մշակույթ է, որն առաջին հերթին օգտակար է բնապահպանությանը։ Այդ կետերը տուրիզմի առումով նույնպես գրավիչ կլինեն։ Դիլիջան, Ծաղկաձոր, Հանքավան, Ջերմուկ և մի շարք զբասաշրջային տարածքներում ևս պետք է կառուցվեն այդ էկոզոնաները» - զրույցը եզրափակեց Էդուարդ Մանուկյանը։ Նյութի աղբյուրը` https://yelaket.am/am/article/21149