«Կամք» հասարակական շարժման անդամ Արթուր Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ ոստիկանական մեքենայի մեջ խոշտանգման եմ ենթարկվել կարմիր բերետավորների կողմից, որի պատճառով լուրջ մարմնական վնասվածքներ եմ ստացել։ Սա արդեն որերորդ դեպքն է, երբ նրանք չարաշահում են իրենց լիազորությունները և թույլ են տալիս ոստիկանին, մեղմ ասած, ոչ հարիր պահվածք։ Անցած տարի, երբ ոլորեցին ձեռքերս` գոտկատեղի և ուսերի այնպիսի վնասվածք ստացա, որը չի վերականգնվել մինչ օրս։ Ոստիկանների անմարդկային և վայրենի վարքագծի մասին ընդհանուր գծերով, միայն մի քանի բառով տեղյակ եմ պահել մարդու իրավունքների պաշտպաններին՝ խնդրելով առանձնապես ուշադրություն չդարձնել մանրամասների վրա, քանի որ մեր խառնակ ժամանակներում շատ ավելի լուրջ խնդիրների առջև է կանգնած երկիրը և նպատակահարմար չէ ժամանակ ծախսել առանձին վերցրած դեպքերի վրա։ Ոստիկանների դեմ հաղորդում չեմ ներկայացրել՝ նրանց վերջին անգամ հնարավորություն տալով ուղղելու իրենց վարքագիծը։ Միայն, որպեսզի պատկերացնեք նրանցից ոմանց հոգեվիճակը, կպատմեմ հետևյալ դրվագը։
Երբ իմ կողմից հնչեց հետևյալ արտահայտությունը` թե «թուրք նիկոլին ենթարկվողները ևս թուրք են» պատասխանեցին, որ թուրքը՝ դա ես եմ։ Իհարկե, երբ մանկական այս հակադարձմանը հիմնավորելու պատասխան պահանջեցի նրանք պապանձվեցին, բայց, այնուամենայնիվ, հոգեբանական լուրջ հետազոտման կարիք ունի այս երևույթը` հասկանալու համար սա միայն աշխատավարձի բարձրացմամբ է պայմանավորված, թե այլ գործոններ ևս կան։ Ասեմ նաև, որ առանձին խոսք ու զրույցի ժամանակ, ցանկացած հոխորտացողի, երբ ճիշտ հարցադրումներ ես անում և փակուղի մտցնում, նիկոլին թե՛ հայհոյում են և թե՛ մեղանչում սեփական սխալների համար»։