Սեպտեմբեր ամսվա կենսաթոշակները կվճարվեն ամսի 4-ից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Վերջինս նշեց, որ այս տարվա հունիսից նոր տեղեկատվական համակարգ է գործարկվել, ըստ որի՝ ամսվա երկրորդ աշխատանքային օրը կազմվում են ցուցակները, իսկ երրորդ աշխատանքային օրվա կեսօրից հետո վճարումներն սկսվում են:
«Սեպտեմբերից սկսած կենսաթոշակները կվճարվեն յուրաքանչյուր ամսվա երրորդ աշխատանքային օրվանից սկսած»,- հավաստիացրեց նախարարը:
Նախարարը վստահեցնում է, որ նոր կենտրոնական շտեմարանի շնորհիվ կենսաթոշակառուների տվյալներն ավելի ճշգրիտ են: Դրանցում ճշգրտվել են կենսաթոշակառուների ցանկերը, ինչի հետևանքով որոշ խնդիրներ են առաջացել: Մասնավորապես` հունիս ամսին խնդրի առջև են կանգնել շուրջ 5000 թոշակառու, հուլիսին` 3000, օգոստոսին` 1000-ը: Սեպտեմբեր ամսին, ըստ նախարարի, առկա է մոտ 200 կենսաթոշակառուի խնդիր, որն ամբողջությամբ կլուծվի: