Սոցցանցերի բրիտանացի օգտատերերը չարամիտ ծաղրի համար նոր առարկա են գտել՝ երկրի գլխավոր տոնածառը, որն ավանդաբար բերվում է Նորվեգիայից եւ տեղադրվում է Լոնդոնի Թրաֆալգարյան հրապարակում, այս տարի պարզվել է, որ անհրապույր է եւ թեքված, հայտնում է BBC-ն։
Որոշ օգտատերեր հետաքրքրվում են, թե ուր է մնացել ծառի մնացած մասը, մյուսները հարցնում են, թե ով եւ ինչպես է վիրավորել Նորվեգիային։
Օգտատերերից մեկը ենթադրել է, որ ծառը կտրել է Բորիս Ջոնսոնի անձնական վարսավիրը (վարչապետը մինչեւ վերջերս միշտ գզգզված էր ման գալիս):
Թրաֆալգարյան հրապարակում գտնվող տոնածառի պաշտոնական էջը, որը վարում է Լոնդոնի Վեսթմինսթեր շրջանի խորհուրդը, կատակել է. «Ուզում եմ բոլորին տեղեկացնել, որ իմ ճյուղերի կեսը ոչ թե բացակայում է, նրանք պարզապես սոցիալական հեռավորություն են պահպանում»։
Թրաֆալգարյան հրապարակի տոնածառը կանոնավոր կերպով խոսակցությունների թեմա է դառնում։ Նախանցյալ տարի, օրինակ, բրիտանացիները ծաղրում էին Նորվեգիայից ստացված այս նվերի ծռվածությունը։
Վեսթմինսթերյան խորհուրդը եւ նորվեգացիները պատասխանել են, որ ավելի քան 20 մետր բարձրություն ունեցող եղեւնին իսկական անտառից է եւ չի կարող լինել այնքան խիտ ու փարթամ, որքան փոքր, հատուկ աճեցված տոնածառները։
Թրաֆալգարյան հրապարակի տոնածառը 1947 թվականից սկսած ամեն տարի Լոնդոն է ուղարկվում Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյի կողմից՝ ի նշան երախտագիտության՝ նացիստական օկուպացիայի դեմ պայքարում ցուցաբերած աջակցության համար: