Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի կողմից ուղեկցվող մի շարք ներդրումային ծրագրերի առաջարկները և դրանց իրականացման հետ կապված խնդիրները:

Վարչապետի աշխատակազմից  հայտնում են, որ նիստին մասնակցել են պատասխանատու գերատեսչությունների և ներդրումային ծրագրերի հեղինակ ընկերությունների ներկայացուցիչները:


Ներկայացված ծրագրերը խոշորամասշտաբ էին և վերաբերում էին քաղաքաշինության ոլորտին. մեկով առաջարկվում է Երևանում կառուցել առևտրի կենտրոն և բնակելի թաղամաս, մյուսով՝ երկնաքերերից կազմված գործարար կենտրոն-համալիր և այլն:

Ներդրումային նախագծերի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, պարզաբանումներով և դիտարկումներով են հանդես եկել թե՛ շահագրգիռ գերատեսչությունների, թե՛ ներդրումային կազմակերպությունների ներկայացուցիչները: Քննարկվել են ծրագրերի իրագործելիությանը և նպատակահարմարությանը, ենթակառուցվածքային, քաղաքաշինական, տնտեսական և այլ բաղադրիչներին վերաբերող հարցեր:

Վարչապետը նշել է, որ ներդրումների ներգրավումն ու խթանումը կառավարության առաջնահերթություններից է, միևնույն ժամանակ դրանք պետք է իրականացվեն ճարտարապետական և քաղաքաշինական նորմերի պահպանմամբ: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է պատասխանատուներին՝ սեղմ ժամկետում ամփոփել նախագծերի իրագործմանը վերաբերող հարցադրումները, շարունակական աշխատել ներդրողների հետ՝ ծրագրերը հնարավորինս փոխադարձ ընդունելի դարձնելու ուղղությամբ: