Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանից պահանջել է նշել «Զանգեզուրի միջանցքի» բացման կոնկրետ ամսաթիվը։
«Հայաստանը և ամբողջ աշխարհը տեսան, որ մեզ ոչ ոք չի կարող կանգնեցնել։ Պատերազմի ժամանակ մեզ կանգնեցնել ցանկացողներ կային, և դրանք բավականին ուժեղ շրջանակներ էին, բայց չկարողացան կանգնեցնել։ Ես ասացի, որ մեզ ասեն մեր հողերի ազատագրման օրը, և մենք պատրաստ ենք կանգ առնել։ Ես այսօր նույն խոսքերն եմ ասում` հայտարարեք այն օրը, թե երբ կբացվի «Զանգեզուրի միջանցքը», և այդ դեպքում խնդիրներ չեն լինի»,- այսօր Գուբայի շրջանի Գոնագքենդ գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է Ալիևը։
Ադրբեջանի նախագահը նշել է, որ դա պետք է հասկանան Հայաստանի ղեկավարությունը և հայ համայնքը։
«Մենք հասել ենք մեր ուզածին, հասնում ենք և հասնելու ենք։ Լավ կլիներ, որ այս հարցը լուծվեր կառուցողական, բանակցությունների և փոխըմբռնման ճանապարհով։ Որովհետև ղարաբաղյան երկրորդ պատերազմը ողջ աշխարհին ցույց տվեց մեր ժողովրդի կամքը, ուժն ու միասնությունը»,- ասել է Ալիևը։
Ալիևը նաև անդրադարձել է Հայաստանում «ռևանշիզմի» փորձերին. «Եթե ռևանշիզմի միտում լինի, ապա այդ հարցը անմիջապես կլուծվի։ Որովհետև պատերազմից հետո Հայաստանը մի քանի նման փորձ արեց, և տեսան տխուր հետևանքները։ Ուստի ուշ չէ, նրանք պետք է ընդունեն մեր պայմանները և վերջ տան ճանապարհների և հաղորդակցությունների նկատմամբ ոչ անկեղծ մոտեցմանը»։