Ուկրաինայի իշխանություններն ԱՄՆ-ին խնդրում են Կիեւին փոխանցել ամերիկյան զենքի մի մասը, որը նախատեսված էր Աֆղանստանի համար մինչեւ այնտեղ թալիբների իշխանության գալը։ Այս մասին երկուշաբթի գրում է Foreign Policy ամսագիրը` վկայակոչելով աղբյուրները:
Պարբերականը հիշեցնում է, որ Ուկրաինայի ՊՆ ղեկավար Ալեքսի Ռեզնիկովը նոյեմբերին Վաշինգտոն կատարած այցի ժամանակ ԱՄՆ-ին խնդրել էր մեծացնել զենքի մատակարարումը, այդ թվում՝ այնպիսի համակարգեր տրամադրել, որոնք Վաշինգտոնը նախկինում չէր ուղարկել Կիեւ։ Ռեզնիկովը, մասնավորապես, օգնություն է խնդրել օդային եւ ռազմածովային պաշտպանության, ինչպես նաեւ ռադիոէլեկտրոնային պատերազմի ոլորտում։
Բացի այդ, ըստ Foreign Policy-ի, Կիեւը ցանկանում է ստանալ այն զինամթերքը, որը Վաշինգտոնը նախատեսում էր փոխանցել Աֆղանստանին՝ մինչ այդ երկրում թալիբների իշխանության գալը։ Բացի այդ, խոսքն ԱՄՆ-ին պատկանող Մի-17 ուղղաթիռների մասին է, որոնք տեխնիկական սպասարկում են անցնում Ուկրաինայում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Իր հերթին, Վաշինգտոնի վարչակազմը, ըստ ամսագրի, դիտարկում է մի շարք քայլեր՝ ուղղված ուկրաինական զինված ուժերի հզորացմանը, սակայն դրանց մեծ մասը չի համապատասխանում Ռեզնիկովի խնդրանքին։ Այդպես, Պետդեպարտամենտը եւ Պենտագոնը բանակցում են Կոնգրեսի հետ՝ Կիեւին ավելի շատ հակատանկային զինատեսակներ տրամադրելու համար։ Վաշինգտոնը նաեւ ուսումնասիրում է Ուկրաինա ռազմական խորհրդատուներ ուղարկելու հնարավորությունը։ Բացի այդ, ԱՄՆ-ն դիտարկում է Ուկրաինա Ռուսաստանի Դաշնություն իբր հնարավոր «ներխուժման» դեպքում ազդելու այլ տարբերակներ, այդ թվում՝ տնտեսական պատժամիջոցներ, որոնց հնարավորությունն ԱՄՆ-ը քննարկում է իր դաշնակիցների հետ։
Ընդ որում, Foreign Policy-ն ուշադրություն է հրավիրում, որ ԱՄՆ ազգային անվտանգության օգնական Ջեյք Սալիվանը եւ նրա թիմն ամբողջությամբ վերջին շրջանում փորձում են կենտրոնանալ «Չինաստանի կողմից աճող սպառնալիքի» վրա եւ փորձում են խուսափել քայլերից, որոնք կարող են «գրգռել Մոսկվային», «որպեսզի Ռուսաստանն այս իրավիճակում «շեղող գործոն» չլինի։