Երեկ պարզ էր արդեն, որ Բաքուն դիմելու է հարձակողական գործողությունների։ Պարզ էր թե հայկական կողմի իբր սադրանքների վերաբերյալ Բաքվի կեղծ հաղորդագրություններից, թե քաղաքական մի շարք իրադարձություններից։

Երեկ հայտարարվեց, որ տեղի է ունենալու 3+2 տխրահռչակ ձեւաչափով առաջին հանդիպումը Մոսկվայում, ընդ որում՝ ՀՀ վարչապետն այդ մասին հայտարարեց պոստ ֆակտում, այն բանից հետո, երբ «իր փոխարեն» արդեն հայտարարել էին ՌԴ պաշտոնյաները։ Դրան նախորդել էր Ալիեւի պահանջը՝ հայտնել միջանցքի բացման ժամկետներ, ինչը, ըստ ՀՀ փոխվարչապետի, «անսպասելի էր հայկական կողմի համար»։ Պարզվեց՝ Մոսկվայում հանձնաժողով չի կազմվել ինչ որ խնդիրների պատճառով, որոնց մասին չի հայտնվում։


Այսօր Արցախում ՌԴ կոնտինգենտի նախկին հրամանատար Մուրադովն ակնարկեց, որ հնարավոր է գերիների հարցը մոտ ժամանակներս լուծվի, եթե պայմանավորվածությունները կատարվեն։ Գերիների թեման կրկին ակտուալացվեց Հայաստանում, ԱԺ նախագահի ձայնագրության «արտահոսքով»։

3+2-ի առաջին նիստը նշանակվել է դեկտեմբերի 10-ին, Մարդու իրավունքների միջազգային օրը։ Նույն օրը տեղի է ունենում Բայդենի հրավիրած ժողովրդավարության համաժողովը, որին հրավիրված չեն ՌԴ-ն, Թուրքիան ու Բաքուն։ Փորձագետների մեկնությամբ, Բայդենը նոր «բեւեռացման» է տանում աշխարհը, կամ «նոր ՄԱԿ» ստեղծում։ Նախօրեին Բայդեն-Պուտին հանդիպումից հետո վերջինս փորձում է արագացնել «սեպարատ համաձայնությունները»։

Այս ֆոնին, Բաքուն Հայաստանի դեմ այսօր մի քանի ուղղությամբ դիմել է զինված գործողությունների, Արցախում կրակելով նաեւ խաղաղ բնակավայրերի վրա։ ՌԴ ԱԳ նախարար Մարիա Զախարովան այս կապակցությամբ հարցին այսօրվա ճեպազրույցում պատասխանել է, որ պետք է արագացնել սահմանազատման հանձնաժողովի աշխատանքները՝ համաձայն Սոչիի պայմանավորվածությունների, ձեռնպահ մնալով գնահատականներից։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում