Միասեռականների թեման վերջերս կրկին հասարակական վեճերի կիզակետում հայտնվեց: Պատճառը շրջանառության մեջ դրված «գենդերային» օրինագծերն էին, ինչպես նաեւ «գենդերի» հարցերով զբաղվող երիտասարդական կառույցների ակտիվացումը Հայաստանում: Օրերս «Հրապարակը» հյուրընկալել է Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանին եւ նրա կարծիքը հարցրել կայքերն ալեկոծող քննարկումների շուրջ:
Սրբազան, միասեռականների հարցերի շուրջ մեծ աղմուկ կա Հայաստանում, որը բարձրացավ հատկապես «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագծից: Ի՞նչ եք կարծում, մեզ պե՞տք է նման օրենք:
Իհարկե, տղամարդ-կին պետք է հավասար լինեն: Մարիամ աստվածածինն ամենամեծ բարեխոսն է: Հայ կինը, մայրը շատ մեծ դերակատարություն է ունեցել մեր ազգի կյանքի պատմության ընթացքում: Մեծ մայրը կարծես թե օջախի շտաբի պետն էր, ղեկավարն էր: Կինը կարող է եւ նախագահ լինել, եւ տնօրեն, եւ ղեկավար: Ինչ վերաբերում է միասեռականների պաշտպանությանը, ես չեմ լսել, որ որեւէ միասեռականի ծեծեն կամ անարգեն, եւ արհեստականորեն դրա մասին խոսելն անիմաստ բան է: Օրինակ, մեկ միասեռական կար, ամբողջ Երեւանը նրան գիտեր: Գուրգենչիկ էին ասում: Տարիքով մարդ էր, բայց նրան ոչ ոք չէր վիրավորում, ոչ էլ ծեծում էր: Ես ցավում եմ, որ քրիստոնեական երկրներում միասեռականներին՝ թե կանանց, թե տղամարդկանց, թույլ են տալիս ամուսնանալ, երեխաներ որդեգրել եւ նույնիսկ խոսում են ավելի ահավոր բաների մասին՝ որ ծնողները կարող են երեխաների հետ սեռական հարաբերությունների մեջ մտնել, ինչն ամեն սահմանից դուրս է: Սա նշանակում է, որ միտումնավոր կերպով քրիստոնեական պետության եւ ազգերի մեջ այլասերություն են առաջ տանում: Այն չեն տարածում բուդդիստական, իսլամական երկրներում: Զուտ քրիստոնեական երկրներում է արվում սա, եւ նպատակը մեկն է՝ Սոդոմ-Գոմորը մտցնել քրիստոնեական երկրներ: Որպես քրիստոնեությունը պետականորեն ընդունած առաջին ազգ` մենք շատ մտածելու բան ունենք: Ի՞նչը ինչի հետ փոխենք: Մեր Աստծուն եւ աստվածատուր օրենքները թվացյալ, չակերտավոր ժողովրդավարական, ժամանակավոր արժեքների՞ հետ պետք է փոխենք: Ես դա չեմ հասկանում: