Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում առաջիկա ընտրություններին ՀԱԿ-ը եւ ՀՅԴ-ն որոշեցին չմասնակցել՝ պատճառաբանելով, որ դա ամենասարսափելի ընտրատարածքն է՝ կեղծիքների առումով: Այս մասին գրում է «Առավոտ» թերթը եւ հավելում.
«Այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը հեգնեց ՀԱԿ-ին եւ ՀՅԴ-ին. «Ցանկացած մի քիչ տրամաբանող մարդու համար պարզ է, որ ցանկացած հայտարարություն այս պարագայում ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն կարող էին անել, իսկ իրական պատճառն այն է, որ որեւէ աջակցություն այդ քաղաքական ուժերը չունեն այդ մարզում: Ոչ թեկնածու ունեն, ոչ հեղինակություն ունեն, ոչ մի բան էլ չունեն: Այդ նույնն է, որ ասում են՝ ամեն գյուղում մի հատ գիժ կա, ամեն գիժն ասի՝ ես չեմ մասնակցում, որովհետեւ կեղծելու են: Չունի ռեսուրս, չեն ընտրելու իրեն, պարզ չի՞: Սրանց էլ պարզ է, որ չեն ընտրելու: Ամեն հայտարարություն էլ կարելի է անել: Սաղ որ հնարավորություն ունենային ընտրվելու, չէի՞ն մասնակցի:
«Ժառանգությունը» մասնակցում է, որովհետեւ «Ժառանգությունը» վերջին ընտրությունների ժամանակ որոշակի արդյունք ցույց է տվել: Հույս ունի, որ այդ արդյունքը կարող է կրկնել՝ այդքան բան: Էդ ո՞նց է, որ ընդդիմության ասածը հալած յուղի տեղ եք ընդունում, իսկ իշխանությունն ինչ ասում է՝ անպայման սխալ է»»,- մեջբերում է «Առավոտը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):