Երեւանի ավագանու այսօր՝ դեկտեմբերի 21-ին նախատեսված հերթական նիստը չկայացավ, քանի որ «Իմ քայլը» խմբակցությունը բոյկոտել է նիստը: Քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ քանի որ քվորում չկա, կես ժամ ընդմիջում է հայտարարում, որից հետո նորից կփորձեն նիստ հրավիրել, եթե քվորում լինի, նիստը կսկսեն:
Նշենք, որ ավագանու նիստը բոյկոտելու մասին երեկ հայտարարություն էր տարածել ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը:
Հայտարարությունում նաեւ ասվում էր. «Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ նիստի օրակարգում ընդգրկված են այնպիսի կարևոր հարցեր ինչպիսիք են՝ Երևան քաղաքի 2022 թվականի բյուջեի, զարգացման ծրագրի և մի շարք այլ կարևոր նախագծեր, այդ կապակցությամբ ցանկանում ենք տեղեկացնել, որ դեկտեմբերի 22-ին նոր քաղաքապետի ընտրությունից հետո, մինչև տարեվերջ, կհրավիրվի ավագանու արտահերթ նիստ, որտեղ կքննարկվեն և կընդունվեն վերոնշյալ նախագծերը»,- նշված է հայտարարությունում։
Նշենք, որ ավագանու այսօրվա նիստի օրակարգում 38 հարց է ներառված։
Վաղը՝ դեկտեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ին, կանցկացվի Երևան քաղաքի ավագանու նիստ, որի օրակարգում «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծն է։