«Կազմակերպության անդամ երկրների համար ռազմական վտանգի մակարդակը, ցավոք, չի նվազում։ Այդ մասին, ի թիվս այլ բաների, վկայում են ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտու արևմտյան սահմանների անմիջական հարևանությամբ ՆԱՏՕ-ի երկրների ռազմական խմբավորումների ընդլայնվող ներկայությունը, ինչպես նաև ռազմական ենթակառուցվածքների զարգացումը և դաշինքի ռազմական գործունեության ակտիվացումը», «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

Ռուս պաշտոնյաներն ու ՀԱՊԿ ֆունկցիոներները ամենօրյա ռեժիմով խոսում են «ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտու արևմտյան սահմաններին ՆԱՏՕ-ի սպառնալիքի մասին»՝ չհիշատակելով օկուպացված Արցախում ռուս-թուրքական հետախուզական կենտրոնը, ինչպես նաեւ թուրքական խմբավորումների տեղակայումը «Ադրբեջանի» ողջ տարածքում։ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է։ Բայց Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը առանձնահատուկ սիրով են վերաբերվում թյուրքական աշխարհին։


«Կենտրոնական Ասիայի պետությունները, նույնիսկ Ռուսաստանի Դաշնության մեր հանրապետությունները, մեր թաթարները, մեր բաշկիրները, այո, նրանք ընդհանուր պատմություն ունեն թուրքերի հետ: Սա լեզվական պատմություն է, և մշակութային, ընդհանուր ավանդույթներ: Հետևաբար, վախենալու ոչինչ չկա», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանի անվտանգությանը սպառնում է «նեոօսմանյան կայսրության»՝ ընդհանուր «թյուրքական աշխարհի» ստեղծման գծի առաջխաղացումը Ստամբուլից Յակուտիա։ «Նրանք չեն ասում «Օսմանյան կայսրություն»․ նրանք ասում են «Մեծ Թուրան», նշել է Պեսկովը։

Մոսկվան և ՀԱՊԿ-ը խրախուսում են Թուրքիայի ներկայությունը օկուպացված հայկական տարածքներում՝ փորձելով կանգնեցնել «ՆԱՏՕ»-ին արևմտյան սահմաններում»։ Այն բանից հետո, երբ Մոսկվան Արևմուտքին «վերջնագիր» ներկայացրեց «դեպի արևելք» չընդլայնվելու մասին, Ռուսաստանում սկսվեցին ակտիվ քննարկումներ։ Խելացի մարդիկ հակված են այն կարծիքին, որ Ռուսաստանը չի էլ փորձում ինչ-որ գաղափարական ծածկույթ հնարել իր քաղաքականության համար։ Արեւմուտքին ուղղված «վերջնագիրը» կարծես նոր «հորդայի» «քամինգ աութ» լինի։

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/12/21/689354/