Երեկ՝ դեկտեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 21:00-ի սահմաններում, «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «փակ, գանգուղեղային տրամվա՝ հարցականով, ծոծորակի շրջանի գեմատոմա, ծնկի շրջանի քերծվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Էջմիածին քաղաքի բնակիչ, 43-ամյա Արսեն Պ.-ն է, ով՝ ըստ բժշկի տեղեկանքի, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:
Մինչ հիվանդանոցում պարզվում էին դեպքի հանգամանքները, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը տեղեկություններ է ստանում, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել վրաերթի ենթարկվելու հետևանքով: Ու արդեն՝ համագործակցելով ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողների հետ, պարզում են, որ վրաերթը տեղի ունեցել Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցում:
Ժամերի ընթացքում ճանապարհային ոստիկաններն ու Էջմիածնի ոստիկանները նշված վրաերթը կատարելու կասկածանքով ոստիկանության Վաղարշապատի բաժին են հրավիրում Արմավիրի մարզի բնակիչ, 64-ամյա Սուրիկ Ա.-ին:
Նրա տան բակում հայտնաբերվում է ՌԱՖ մակնիշի ավտոմեքենան, որը հետաքննիչ Ն. Պետրոսյանի հանձնարարականով տեղափոխվում է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Կասկածյալ Սուրիկ Ա.-ն ենթարկվում է սթափության փորձաքննության, պարզվում է, որ նա եղել է ոչ սթափ, և նա ասել է. «Աշխատանքից հոգնած եկել եմ, ասի մի երկու բաժակ խմեմ, քնեմ: Դրա համար էլ խմած եմ»: