«Ստո՛ւմ եք: Որևէ պառակտում, որևէ խոսակցություն պարոն Մարությանի հետ չեմ ունեցել, ձեր հայտարարություններն իրականության հետ կապ չունեն»,- արձագանքելով ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանին՝ ասաց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում առաջադրված Լևոն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք՝ Աբգարյանը հետևյալ հարցն էր հնչեցրել. «Երկու տարի առաջ, երբ խմբակցություն-քաղաքապետ հարաբերությունները փայլուն էին, դուք նույնպես ուզում էիք պաշտոն գրավել և հավակնում էիք զբաղեցնել քաղաքապետի ֆինանսական գծով տեղակալի պաշտոնը: Հիշում եմ, որ խմբակցությունը պառակտվել էր երկու մասի. խմբակցության ղեկավարը, քարտուղարը դեմ էին ձեր առաջադրմանը, ավելին, բոյկոտ էիք պատրաստում, որպեսզի տապալեիք ձեր փոխարեն առաջադրված մյուս թեկնածուի ընտրությունը... Մամուլում նաև հրապարակումներ եղան, որ ձեր նկրտումներում նաև դիմել էիք փոխվարչապետի միջամտությանը: Այդ ժամանակ չէիք մտածո՞ւմ, որ ձեր քայլերով խզում եք քաղաքապետի կապը խմբակցության, կառավարության հետ»:
Ավելի ուշ Աբգարյանը նաև ելույթ ունեցավ, որի խոսքը մի քանի անգամ ընդհատվեց. գործընկերները նշում էին, որ «արդեն 9 րոպե՝ խոսում է»: «Իզաբելլա Աբգարյանի ձայնը կտրել փորձողների վերջը հեչ լավ չի եղել.... Սիրելի՛ երևանցիներ, տեսնում եք՝ չեն թողնում ձեզ հետ խոսել: Այնուամենայնիվ, ձեր կողմից ինձ վստահված մանդատը հանձնելու եմ բացառապես այն մարդուն, ում կընտրեք ժողովրդավար, ուղիղ ընտրություններով»,- եզրափակեց Աբգարյանը: