Հայաստանում եկամտային հարկը 2022 թվականի հունվարի 1-ից նվազել է՝ 2021-ի 22 տոկոսի համեմատ դառնալով 21 տոկոս, իսկ սոցիալական վճարը բարձրացրել 1 տոկոսով՝ դառնալով 4.5 տոկոս, եկամտային հարկի դրույքաչափը, 2019-ին ընդունված Հարկային օրենսգրքի փոփոխությունների համաձայն, համահարթեցվել էր, 2020-ի հունվարի 1-ին այն կազմում էր 23 տոկոս, մինչև 2023 թվականն այն ամեն տարի այն նվազելու է 1 տոկոսով՝ հասնելով 20 տոկոսի:


Իսկ ինչ վերաբերում է սոցիալական վճարին, ապա 2020-ի հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը մինչև 500 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիների համար գործում էր 2.5 տոկոս դրույքաչափը, իսկ 7.5 տոկոսը վճարում էր պետությունը, 2021-ի հունվարի 1-ից ՝3.5 տոկոս, պետությունը վճարում էր 6.5 տոկոսը, իսկ արդեն 2022-ի հունվարի 1-ից այն դարձել է 4.5 տոկոս, համապատասխանաբար պետությունը վճարելու է 5.5 տոկոսը: Իսկ, եթե քաղաքացու աշխատավարձը գերազանցում է 500 հազար դրամը, ապա հաշվարկն այլ կերպ է կատարվում: Մասնավորապես 2022-ի հունվարի 1-ից 500 հազար դրամից ավել աշխատավարձ ստացողների սոցիալական վճարը հաշվարկվում է 10 տոկոսի և 27 500 դրամի տարբերության չափով:

Սոցիալական վճարը «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և չափով ՀՀ պետական բյուջե վճարվող նպատակային վճար է։

Հայաստանում սոցիալական վճարներ են կատարում 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնվածները: Իսկ մինչև 1974 թվականը ծնվածները համակարգին կարող են միանալ՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով դիմում ներկայացնելով: