Ղազախստանի իրադարձությունների կապակցությամբ ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ ասվում է, որ «ուշադիր հետեւում են եղբայրական հարեւան երկրում տեղի ունեցող իրադարձություններին», ինչպես նաեւ կապ են պահպանում երկրում գործող ռուսական առաքելությունների հետ։ Իր հերթին, Կրեմլի խոսնակն ասել է, որ Ղազախստանի իշխանությունը չի դիմել Մոսկվային օգնության համար։ Երբ Մոսկվան խոսում է եղբայրության մասին, դա արդեն իսկ սպառնալիք է։ Եղբայրական էին նաեւ ուկրաինացի, հայ ժողովուրդները։

Ղազախստանի արեւմտյան նավթային շրջաններում սոցիալական պահանջներով սկսած բողոքի ցույցերը վեր են ածվել քաղաքական պահանջներով զանգվածային ելույթների երկրի տարբեր շրջաններում։ Հնչում են «ծերուկ, հեռացիր» կոչեր՝ ուղղված Նազարբաեւին։ Չնայած Նազարբաեւը հեռացել է նախագահի պաշտոնից, սակայն շարունակում է մնալ երկրի իրական ղեկավարը, իսկ ներկայիս նախագահ Տոկաեւը, ըստ ղազախ քաղաքագետների, ընդամենը կատարում է նրա ցուցումները եւ բարեփոխումներ չի անում։ Ղազախ քաղաքագետները նշում են, որ հանրությունը պահանջում է փոխել «Նազարբաեւի մոդելը»։

Երկրի ամենախոշոր քաղաքում՝ Ալմաթիում ցուցարարները գրավել են մի շարք վարչական շենքեր, այդ թվում նախագահի նստավայրը։ Շատ քաղաքներում ոստիկանությունը կամ անցել է ցուցարարների կողմը, կամ հրաժարվել է ծառայություն իրականացնել։

Ղազախստանը ԵՏՄ հիմնադիր անդամ է եւ պրոռուսական բլոկների անդամ։ Նազարբաեւի օրոք երկրում կտրուկ փոխվել է ժողովրդագրական պատկերը, եւ նախկինում «ռուսաֆիկացված» երկրում էթնիկ ռուսների թիվը նվազել է, պետական քաղաքականություն է վարվում ղազախերենի ամրապնդման եւ ռուսերենը դուրս մղելու ուղղությամբ։ Նաեւ այդ նպատակով է մայրաքաղաքը Ալմաթիից տեղափոխվել Աստանա։

Մոսկվան բազմիցս իր դժգոհությունն է արտահայտել այս կապակցությամբ, ներկայացնելով նաեւ տարածքային պահանջներ։ Մասնավորապես, Ղազախստանի հյուսիսային ռուսաբնակ շրջանների, կամ հարավային Սիբիրի հանդեպ, որոնք խորհրդային տարիներին մտցվել են Ղազախստանի կազմի մեջ։ Ուկրաինայի իրադարձությունների համատեքստում նշվում է, թե Պուտինը ծրագրում է ստեղծել «սլավոնական միասնական ունիտար պետություն», որի կազմի մեջ պետք է մտնեն ՌԴ-ն, Ուկրաինան, Բելառուսը եւ Ղազախստանի հյուսիսային շրջանները։ Կիրագործի՞ իր այս ծրագրերը Մոսկվան, հայտարարելով «հայրենակիցներին օգնության հասնելու» մասին, ինչպես Ուկրաինայի դեպքում, որի դեմ պատերազմը սկսեց երկրորդ մայդանից հետո։

 
ԽՍՀՄ կազմավորումից հետո Ղազախստանի ներկայիս տարածքը եղել է ինքնավար Կըրգզստանի կազմում, հանրապետության կարգավիճակ է ստացել 1936 թ․։ Ղազախական հանրապետության առաջին ղեկավարը եղել է հայազգի Լեւոն Միրզոյանը։ Ղազախների պատմության անգնահատելի աղբյուրը հայկական վկայագրերն են։

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2022/01/05/691575/