Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը կղեկավարի օդադեսանտային ուժերի հրամանատար, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը, փոխանցում է Ինտերֆաքսը՝ հղում անելով ՌԴ ՊՆ ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովին։

Նա նշել է, որ Ղազախստանում առաքելության գործողության ժամկետը սահմանափակ է, սակայն կոնկրետ ժամկետներ չի նշել։


Ռուս զինվորականների տեղափոխմանը ներգրավված են 75 ռուսական ռազմատրանսպորտային ինքնաթիռներ՝ Իլ-76 եւ Ան-124։

Ղազախստան են ուղարկվել օդադեսանտային ուժերի 45-րդ հատուկ նշանակության բրիգադի, օդադեսանտային ուժերի 98-րդ դիվիզիայի եւ 31-րդ առանձին բրիգադի ստորաբաժանումները։ Կոնաշենկովի խոսքով՝ նրանք բոլորն էլ «հատուկ պատրաստություն են անցել եւ իրական մարտական ​​փորձ ունեն»։

«Ղազախստանի Հանրապետություն ժամանած ռուս զինծառայողներն անմիջապես սկսել են կատարել իրենց առջեւ դրված խնդիրները։ Այս պահին Ղազախստանի Հանրապետության իրավապահ մարմինների հետ միասին Ալմա Աթայի օդանավակայանը վերցվել է լիակատար վերահսկողության տակ»,-ասել է ռազմական գերատեսչության ներկայացուցիչը։

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանը էլիտար օդադեսանտային ստորաբաժանումներ է ուղարկել Ղազախստան։ Նրանք մասնակցում են ՀԱՊԿ խաղաղապահ առաքելությանը։ Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը ռազմական օգնություն է խնդրել ՀԱՊԿ-ից։ Հունվարի 7-ին Տոկաեւի վարչակազմը վստահեցրել է, որ ՀԱՊԿ զինծառայողները չեն մասնակցի Ղազախստանում ռազմական գործողություններին, նրանց առաքելությունը բացառապես խաղաղապահ է։