Բաքուն հարձակումներ է գործել Հայաստանի դեմ Արցախում եւ Գեղարքունիքի մարզում, կիրառելով հրետանի եւ անօդաչուներ։ Անօդաչուների պարագային պետք է արձանագրել հետեւյալը՝ դրանք կառավարվում են Ակնայի ռուս-թուրքական հետախուզական կենտրոնից, որը պաշտոնապես կոչվում է հրադադարի վերահսկման կենտրոն։ Այսինքն՝ կենտրոնը չի կատարում իր գործառույթները։ Այսինքն՝ Բաքվի հարձակումները համաձայնեցված են ռուսական եւ թուրքական կողմերի հետ, որոնք չեն արձագանքել հրադադարի հերթական խախտմանը եւ չեն արձագանքելու, ինչպես նախորդ դեպքերում։


Բաքվի վերջին հարձակումները տեղի ունեցան ՀԱՊԿ կազմում հայկական զորախումբը Ղազախստան ուղարկելու ֆոնին։ Կա՞ կապ, թե ոչ, քննարկումների թեմա է։ Քննարկման թեմա է նաեւ այն, որ ՀԱՊԿ-ը ժամանակին մերժեց ՀՀ դիմումը Հայաստանի «ինքնիշխան տարածք» Բաքվի ներխուժումների կապակցությամբ, դրանք անվանելով սահմանային միջադեպեր։


ՀԱՊԿ ցուցանակի տակ Ռուսաստանի ռազմական կոնտինգենտի (տարբեր տեղեկություններով՝ մոտ 17 հազար զինվորական) մուտքը Ղազախստան տեղի ունեցավ այդ պահին ՀԱՊԿ ԱԽ-ն նախագահող Փաշինյանի «համակարգմամբ» եւ ամուր կապվեց Հայաստանի հետ։

Միեւնույն ժամանակ, հայկական մեդիա-վերլուծական շրջանակներում ղազախական իրադարձությունները մեկնաբանվեցին պանթյուրքիզմի եւ Ռուսաստանի՝ դրան հասցրած հարվածի համատեքստում, բնականաբար դա կապելով Հարավային Կովկասի իրադարձությունների հետ՝ ռուս-թուրքական հակասությունների, Բաքվի անհանգստությունների եւ այլնի վերաբերյալ դատողություններով եւ «ՌԴ-ին ու միութենական կառույցներին ինտեգրվելու» անայլընտրանքով։

Այս ֆոնին, Բաքվի այս հարձակումներն էլ կներկայացվեն որպես ՌԴ եւ ՀԱՊԿ-ի հեղինակության հետ խաղալու փորձ, դրանում կասկած չկա։ Հայաստանը հայտնի սխեմայով ռուս-թուրքական քաղաքականության մանրադրամի ու մատաղացուի դերում պահելը հայկական «իսթեբլիշմենտի» մտքի ու պատկերացումների սահմանն է՝ գիտակցված, թե ոչ։ Այլապես, Նիկոլ Փաշինյանի «որոշումը» ու զորք ուղարկելու հանցավոր քայլը կքննվեր լիովին այլ լույսի տակ։

Եթե Ռուսաստանը եւ ՀԱՊԿ-ը Հայաստանի հարցում լինեին իրենց պայմանագրային պարտավորությունների դիրքերում, ոչ մի «ադրբեջան» չէր համարձակվի հարձակվել Հայաստանի վրա։ Ընդ որում, խոսքը հենց 2020-ի սեպտեմբերի 27-ի մասին է։ Բաքուն հարձակվել է՝ ունենալով ՌԴ եւ ՀԱՊԿ երաշխիքները, ավելին՝ Բաքուն Մոսկվայի գործիքն է Հարավային Կովկասում։ Ինչ որ բա՞ն է փոխվել այս հարցում․ Բաքվի երեկվա եւ առաջիկա հարձակումները այս հարցի պատասխանն են։

Աղբյուր՝ https://www.lragir.am/2022/01/12/692462/