ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր Հայաստանի ազգային ագրարային համալսարանում մասնակցել է բուհի գիտական խորհրդի նիստին: Նիստում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Ա. Թարվերդյանը հրապարակել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գիտական խորհրդի որոշումը, որով գյուղնախարարին ծննդյան 65-ամյակի կապակցությամբ շնորհվել է «Ոսկե հուշամեդալ»՝ Հայաստանի գյուղատնտեսության արտադրության, կրթության և գիտության ոլորտներում նշանակալից ձեռքբերումների և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ սերտ համագործակցության համար: Նիստում հանդես է եկել ՀՀ գյուղատնտեսության նախարարը՝ մասնավորապես նշելով. «Խորին շնորհակալություն եմ հայտնում բարձր գնահատականի համար. այն շատ պարտավորեցնող է , քանի որ իմ աշխատանքային գործունեությունը սկսել ու շարունակում եմ հենց այս ոլորտում, իսկ համալսարանականների շնորհած այս հուշամեդալն աշխատելու և արարելու նոր լիցք է տալիս ինձ»: Այնուհետև նախարարը ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտում վերջին տարիների ձեռքբերումներն ու անելիքները՝ հույս հայտնելով, որ համալսարանի հետ գիտակրթական և ուսումնաարտադրական համագործակցությունը շարունակական կլինի: 2011 թվականից ՀՀ գյուղատնտեսության նախարարը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների համար սահմանել է կրթաթոշակ, որն ամեն տարի հանձնում է ՀԱԱՀ –ի լավագույն արդյունքներ և առաջադիմություն ցուցաբերած և բացառապես մարզերից ժամանած երկու ուսանողի: Նախարարը, հանձնելով հավաստագրերը, ուսանողներին մաղթել է, որ շարունակեն բարձր առաջադիմությամբ ուսանել, քանի որ նրանք են ոլորտի ապագա ղեկավարները: Գիտական խորհրդի նիստի ավարտին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը շնորհավորել է ուսանողներին նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ՝ մաղթելով հաջողություններ ու նոր ձեռքբերումներ: