Apple Pay-ը հասանելի է Ամերիաբանկի հաճախորդների համար
iPhone-ի և Apple Watch-ի միջոցով վճարելու ավելի ապահով, անվտանգ և վստահելի միջոց
Երևան, 18 հունվարի, 2022թ. Ամերիաբանկի հաճախորդներն այսօրվանից կարող են օգտվել վճարման ավելի ապահով, անվտանգ և վստահելի գործիքից՝ Apple Pay-ից, որը նրանց կօգնի խուսափել իրենց վճարային քարտը ուրիշին հանձնելուց, վճարային տերմինալի կոճակներին հպվելուց կամ կանխիկ գումար փոխանակելուց: Apple Pay-ի միջոցով իրականացվող յուրաքանչյուր գործարքի պաշտպանությունն իրականացվում է iPhone-ի նորարարական տեխնոլոգիաների միջոցով: Անհպում վճարում կատարելու համար բավական է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին:
Apple Pay-ի միջոցով իրականացված յուրաքանչյուր վճարում ապահովված է հուսալի պաշտպանությամբ, քանի որ այն վավերացվում է Face ID-ով, Touch ID-ով կամ սարքի գաղտնաբառով, ինչպես նաև մեկանգամյա չկրկնվող դինամիկ անվտանգության կոդով: Apple Pay-ով վճարումներ կարելի է կատարել մթերային խանութներում, դեղատներում, տաքսի-ծառայություններից օգտվելիս, ռեստորաններում, սրճարաններում, մանրածախ խանութներում և շատ այլ վայրերում:
Apple Pay-ը կարելի է նաև օգտագործել Safari-ում հասանելի հավելվածներում կամ կայքերում iPhone-ով, iPad-ով և Mac-ով ավելի արագ և հարմարավետ գնումներ կատարելու համար, ընդ որում՝ առանց օգտահաշիվներ ստեղծելու կամ առաքման և վճարային տեղեկությունները մի քանի անգամ մուտքագրելու անհրաժեշտության: Apple Pay-ը, ի թիվս այլի, հեշտացնում է սննդամթերքի առաքման, առցանց գնումների, փոխադրման և կայանման համար վճարումները: Apple Pay-ը կարելի է օգտագործել նաև Apple Watch-ի հավելվածներում վճարումներ կատարելու համար: Անվտանգությունն ու գաղտնիությունը առանցքային նշանակություն ունեն Apple Pay-ի համար: Կրեդիտային կամ դեբետային քարտը Apple Pay-ին կցելիս տվյալ քարտի իրական համարը չի պահվում ոչ սարքում, ոչ էլ Apple-ի սերվերներում: Դրա փոխարեն սարքին շնորհվում է չկրկնվող հաշվի համար, որը գաղտնագրվում և պահվում է այդ սարքի «Անվտանգ տարր» (Secure Element) հավաստագրված չիպի մեջ, որը նախատեսված է վճարային տեղեկատվության անվտանգ պահպանման համար:
Apple Pay-ը կարգավորելը շատ հեշտ է: Բավական է պարզապես մտնել iPhone-ում առկա Wallet հավելվածը, սեղմել «+» նշանը և հետևել ցուցումներին՝ Ամերիաբանկի կրեդիտային կամ դեբետային քարտը ավելացնելու համար: Քարտը iPhone-ին, Apple Watch-ին, iPad-ին և Mac-ին կցելուց անմիջապես հետո հաճախորդը կարող է սկսել օգտագործել Apple Pay-ը: Հաճախորդները կշարունակեն ստանալ բոլոր զեղչերն ու առավելությունները, որոնք Ամերիաբանկն առաջարկում է իր քարտապաններին:
Apple Pay-ի մասին ավելին իմանալու համար այցելեք այստեղ՝ http://www.apple.com/ru/apple-pay/
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ի մասին ավելին իմանալու համար այցելեք այստեղ՝ www.ameriabank.am :
«Ամերիաբանկ» ՓԲԸ
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրում թվայնացման ուղղությամբ զարգացող կայուն և խոշոր ֆինանսական
հաստատությունների շարքը: Լինելով Հայաստանում առաջին ներդրումային բանկը` Ամերիաբանկն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է նորարարական կորպորատիվ,
ներդրումային և մանրածախ բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ: Ամերիաբանկը Հայաստանի առաջատար բանկն է ըստ 2021թ.3-րդ եռամսյակի
արդյունքների բոլոր հիմնական ֆինանսական ցուցանիշների (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ և կապիտալ):