«Այն, որ եթե մենք անգամ դեսպան կունենանք ՀՅԴ շարքերից՝ ի դեմս Վահան Հովհաննեսյանի, Լևոն Մկրտչյանի, չի նշանակում, որ դադարելու ենք լինել ընդդիմություն. սա պարզ է»,– «168 ժամ» թերթի հետ զրույցում ասել է Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը՝ ի պատասխան ՀՅԴ-ականների՝ դեսպաններ նշանակվելու մասին մամուլի հրապարակումներին և այն կարծիքներին, թե այդպիսով ՀՅԴ-ն կարող է գործարքի գնալ իշխանությունների հետ, մտնել կոալիցիա և այլն։ «Մեր ընդդիմություն լինելը պայմանավորված չէ նրանով, որ մեզ տեղ էին տալիս կամ տեղ չէին տալիս։
Մենք դուրս ենք եկել կոալիցիայից, որովհետև Տիգրան Սարգսյանի վարած քաղաքականությանը համաձայն չենք եղել, մնացել էր արտաքին ճակատը, և տեսնելով, որ այդտեղ ազդեցություն չենք ունենում, համարեցինք, որ մնալն անիմաստ էր։ Դաշնակցությունը պատրաստ է համագործակցել տարբեր ուժերի հետ, բայց դա չի նշանակում, որ պետք է ինչ-որ կոալիցիաների մեջ մտնենք։ Իմ կարծիքով, մենք երբեք չենք լինի մի կոալիցիայում, որտեղ մեր կարիքը չունեն։ Եթե այս կոալիցիոն գործընկերները անհրաժեշտ կհամարեն մեզ մի երկու աթոռ տան, մենք էլ ազդեցիկ չլինենք, դա մեզ պետք չէ։ Մենք նպատակ ունենք՝ լինել ազդեցիկ։ Դաշնակցությունը, որպես սկզբունք, այդպես է աշխատում, մենք երբեք չենք մտնի այն կոալիցիան, որտեղ ձայն չենք ունենա, ազդեցիկ չենք լինի։ Սա իմ անձնական տեսակետն է։ Երբ հաստատվեն տեղեկությունները կամ հերքվեն, կուսակցությունը իր դիրքորոշումը կհայտնի այս հարցում»,– ավելացրել է նա՝ այդպիսով առնվազն չբացառելով, որ ՀՅԴ-ականները հնարավոր է նշանակվեն դեսպանի պաշտոնում»,–գրում է թերթը։
Կիրո Մանոյանը չի բացառում ՀՅԴ-ականների դեսպանի պաշտոնում նշանակվելը
