«Սիվիլնեթ»-ը («Սիվիլիթաս» հիմնադրամը) «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հետ սկսում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին տեղի ունեցած գործարքների հետ կապված դատական գործընթաց:
Սեպտեմբերի 30-ին Պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսն անցել էր Մոսկվայում գրանցված «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությանը, որը նույն օրը ձեռք բերած բաժնետոմսերի 15 տոկոսը նվիրել է կառավարության աշխատակազմին։ «Արդյունաբերական ընկերության» սեփականատերը ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոն է։ Այս գործարքից հետո «Սիվիլնեթ»-ը հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին դիմել էր կառավարությանը՝ խնդրելով տրամադրել համապատասխան նվիրատվության պայմանագիրը։ Կառավարությունը հրաժարվել էր փոխանցել պայմանագիրը՝ շեշտելով, որ «Հայաստանի Հանրապետությունը գործարքի մյուս կողմի հանդեպ ստանձնել է դրա դրույթների գաղտնիությունը պահպանելու պարտավորություն, հայցվող տեղեկատվությունը ձեռք է բերել գաղտնի տեղեկատվության բնույթ»։ Կառավարությունը համարելով նվիրատվության պայմանագիրը առևտրային գաղտնիք, ի վերջո, այն չի տրամադրել։
Դեկտեմբերի 16-ին «ՍիվիլՆեթ»-ի ու «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի ներկայացուցիչները՝ Գենյա Պետրոսյանը, Էլինա Գյուրջյանն ու Դավիթ Գյուրջյանը հայց են ներկայացրել վարչական դատարան՝ պահանջելով, որ դատարանը պարտավորեցնի կառավարության աշխատակազմին տրամադրել բաժնետոմսերի նվիրատվության պայմանագրի պատճենը։ Դեկտեմբերի 23-ին վարչական դատարանի դատավոր Արծրուն Միրզոյանը որոշել է հայցադիմումն ընդունել վարույթ և նախնական դատական նիստ նշանակել մայիսի 3-ին։
Կառավարությունը հունվարի 5-ին որոշեց կոմբինատի 15 տոկոսի հասնող պետական բաժնետոմսերի կառավարումը հանձնել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին։