Ոստիկանները հունվարի 18-ին հայտնաբերել են դեկտեմբերի 22-ին «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ից մոտ 15 մլն դրամ ավազակային հարձակման եղանակով հափշտակություն կատարող կասկածյալներին:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն այնուհետև Երևանում իրականացրել են հատուկ օպերացիա ու դրա շրջանակում ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողների հետ մայրաքաղաքի Շահամիրյանների փողոցից Երևանի ոստիկանություն են բերման ենթարկել Երևանի բնակիչներ, 31-ամյա Արման Ս.-ին և 35-ամյա Հովսեփ Ս.-ին: Վերջիններս եղել են Mercedes մակնիշի ավտոմեքենայով: Վերջիններս քննիչի որոշմամբ ձերբակալվել են:


Կայքի տեղեկություններով՝ կասկածյալները բնակվում են Երևանի նույն թաղամասում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 22-ին կողոպուտ էր տեղի ունեցել Երևանում. ժամը 22։40-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ էր ստացվել, որ Հրանտ Վարդանյան փողոցում «Գրանդ Քենդի» գործարանից խոշոր չափի գումար են հափշտակել։

Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ նույն օրը, ժամը 22։00-22։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք դեմքները բժշկական դիմակով փակած մտել են գործարանի գանձապահի աշխատասենյակ և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար, ապա դիմել փախուստի։