«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ցուցմունքից, որը նա տվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավոյի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործով: Ինչպես հայտնի է, այդ գործը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանին, եւ երեկ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այս գործով առաջին դատական նիստն էր, որտեղ մեղադրյալների պաշտպանները միջնորդելու էին նրանց խափանման միջոց կալանքը փոփոխել:
Ի դեպ, առաջին դատական նիստին ներկա չէր հենց գործով մեղադրյալ ԳՇ պետ Արտակ Դավթյանը, քանի որ առաջին նիստին քննվելու էր կալանավորված նախկին պաշտոնյաների խափանման միջոցի հարցը: Ինչեւէ, մեզ հասած հավաստի տեղեկությունների համաձայն՝ Արտակ Դավթյանը ԱԱԾ-ում, ի պատասխան քննիչի հարցերին եւ իրեն առաջադրված մեղադրանքին, թղթի վրա ընդամենը գրել է. «Օգտվելով իմ իրավունքից՝ մեղադրանքը չեմ ընդունում, առարկում եմ եւ հրաժարվում եմ ցուցմունք տալ»:
Նշենք, որ Ազգային անվտանգության ծառայությունում քննվող գործը, ըստ այս կառույցի տարածած հաղորդագրության, վերաբերում է Զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ենթադրյալ չարաշահումներ եւ առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերին, մասնավորապես` ՊՆ-ի կողմից անպիտան հրթիռներ գնելուն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում