Ամերիկայի Իլինոյիս նահանգից ամուսինները, ովքեր այս տարվա հունիսին նշել են իրենց ամուսնության 71 ամյակը, մահացել են նույն օրում մի քանի ժամվա տարբերությամբ: Այս մասին հայտնում է ABC հեռուստաալիքի կայքը:
Ռոբերտ և Նորա Վիանդսը ամուսնացել են 1942 թվականին: Ռոբերտը շուրջ 30 տարի աշխատել է վաճառող, իսկ կինը եղել է մանկավարժ և աերոբիկայի մարզիչ: Ամուսնական զույգը կարողացել է դաստիարակել հինգ երեխայի և 18 թոռան:
Վերջին տարիների ընթացքում առողջական խնդիրների պատճառով ամուսնական զույգը ստիպված է եղել տեղափոխվել Ռոկֆորդ քաղաքի ծերանոց: Ռոբերտը տառապել է Պարկինսոնի հիվանդությամբ, իսկ Նորան անցած տարվա դեկտեմբերին հիվանդանոց էր տեղափոխվել թոքերի բորբոքման պատճառով:
«Նրանք իսկապես երբեք չէին բաժանվում իրարից: Ընթրիքի սեղանի մոտ նրանք բռնում էին միմյանց ձեռք»,- այս մասին նշել է Ռոբերտի և Նորայի աղջիկ Բարբ Միլթոնը: Նրա խոսքերով կիրակի օրը անբաժան զույգը հուղարկավորվելու են կողք կողքի Ռոկֆորդ քաղաքի գերեզմանատանը Չիկագոյին 130 կմ հյուսիս-արևմուտք: